կալվածատիրոջ որդի։ Նա նոր էր ավարտել իր ուսումը Ս. Պետերբուրգի համալսարանում, և որպես նոր օրդենի մեջ մտած ասպետ, ընկել էր աշխարհ, արկածներ էր որոնում, իր արհեստին վերաբերյալ հերոսությունները ցույց տալու համար։ Ալաշկերտցի գաղթականները, իրանց բազմաթիվ հիվանդներով, բաց արին նրա առջև գործունեության մի ընդարձակ ասպարեզ։ Թարմ, բարի ցանկություններով լի երիտասարդի անխոնջ եռանդը մեծ բավակնություն էր գտնում այդ թշվառներին օգնելու գործում։ Նրա մեջ միացած էին արհեստը բժշկի առաքինության հետ։ Նա ոչ միայն անվարձ այցելություններ էր անում և ձրի դեղեր էր բաժանում հիվանդներին, այլ հոգ էր տանում և նրանց բնակարանների և լավ կերակրելու մասին։ Այդ էր պատճառը, որ մանկահասակ աղջիկը այնպես մտերմաբար դիմեց նրան, աղաչելով, որ իրանց համար մի կացարան տնօրինելու հոգ տանե։
Բժշկի հեռանալուց հետո աղջիկը շարունակեց իր ճանապարհը դեպի վանքը։ Օրորվելով, տատանվելով, նա հազիվ կարողանում էր փոխել իր քայլերը։ Մի քանի անգամ կանգ առեց, մի քանի տեղ նստեց, մինչև հոգնությունը անցնի։ Վանքի հանդեպ գտնվող գինետներից նրան կանչեցին, խոստանալով, թե փող կտան։ «Այդ մարդիկը ավելի վատ են, քան թե քրդերը»...— ասաց նա իր մտքում և կանգնելով, շարունակեց իր ճանապարհը։
Նա անցավ պարտեզը, անցավ վանքի գլխավոր մուտքի մոտից, պտույտ տվեց պարսպի արևմտյան կողմով և դուրս եկավ այն դռան մոտ, որ տանում է դեպի լիճը և անտառը։ Այս դռնով նա մտավ Ղազարապատ։ Վանքի այդ մասը տոն օրերում ծառայում է որպես հյուրանոց բազմաթիվ ուխտավորների համար, այժմ լցված էր ալաշկերտցի հիվանդներով։ Նա մտավ ներքին հարկի խուցերից մեկի մեջ։ Այդ խոնավ խորշի մեջ, զրկված օդից և լույսից, կարմիր աղյուսներով պատած հատակի վրա, պառկած էր մի կին։ Ոչ մահիճ ուներ նա և ոչ մահճակալ, տակին ձգած ուներ մի խուրձ հարդ, իսկ վրան ծածկած ուներ մի փալասի կտոր: Երկու երեխաները վազեցին և գրկեցին հիվանդ մորը և սկսեցին համբուրել նրա ոսկրացած ձեռքերը: Բայց նա չպաաասխանեց սիրելի զավակների գգվանքին, որովհետև այդ րոպեում քնած էր, ավելի ճիշտ ասած, գտնվում էր մի աեսակ անզգայության մեջ:
Մանկահասակ աղջիկը նկատեց երկու փոքրիկ երեխաներին որ չանհանգստացնեն հիվանդ մորը, այլ գնան դուրսը խաղալու: Նրանք հնազանդությամբ դուրս եկան, և նստելով խուցի դռան
315