Jump to content

Էջ:Խենթը.djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Է՜հ, թող տուր, հեր օրհնած, ի՞նչպես ես խոսում: — Կոտորվե՛ք դուք, կոտորվե՛ք,— ասաց բժշկապետը և մտավ խուցի մեջ։ Բժշկապետի այցելությունը մի աոանձին մխիթարություն ազդեց թշվառ ընտանիքին, երբ նա հարկավորած դեղերը և պատվերները տալուց հետո, հայտնեց, թե ինքը կարգադրել է, որ շուտով նրանց կտեղափոխեն մի առանձին բնակարան, ուր կգտնեն նրանք, ամեն հարմարություններ թե՛ կացության և թե՛ ապրուստի համար: — Միայն շուտ, եթե կարելի է, շատ շուտ,— խնդրեց հիվանդ մայրը շնորհակալությամբ լի ձայնով։ — Անհոգ կացեք, մի քանի րոպեից հետո կտանեն ձեզ,— պատասխանեց բժշկապետը և դուրս եկավ, վանքի մեջ գտնվող մյուս հիվանդներին նայելու համար։ — Լալա՛, տեսնում ե՞ս, զավակս,— դարձավ հիվանդը դեպի մանկահասակ աղջիկը, որ աչքերը բռնած հեկեկում էր,— աստված դժբախտության ամենադառն րոպեներում դարձյալ չի մոռանում թշվառներին և ուղարկում է իր հրեշտակը նրանց մխիթարելու համար։ Մի՛ լաց, զավակս, փոթորկալից և խավար գիշերին հաջորդում է լուսապայծառ առավոտը։ Կգա մի օր, որ դու կրկին գտնես քո ուրախությունը... — Այդ բոլորից հետո՞, սիրելի Սառա,— պատասխանեց Լալան դառն արտասուքով,— այդ բոլորից հետո ինձ մնում է մեռնել միայն... Խուցի դռնից ներս մտան երկու մարդ. Սառայի և Լալայի խոսակցությունր ընդհատվեցավ։ Եկվորները պարոն բժշկապետի ծառաներն էին, որոնք բերում էին իրանց հետ հաց և կերակուրներ, բացի դրանցից մի կապոցի մեջ նրանք բերել էին կանացի հագուստներ Լալայի և Սառայի համար, այլև երեխաների հագուստնհր երկու փոքրիկների համար։ Սառան և Լալան չմոտեցան կերակուրներին, նրանք ուտելու ախորժակ չունեին, բայց երկու փոքրիկները վրա պրծան և սկսեցին ագահությամբ ուտել։ Ծառաները դրսում սպասեցին, մինչև վերջացավ ճաշը։ Լալան ինքն հագնվեցավ և նույնպես փոխեց Սառայի ցնցոտիները, հագնվեցան և երկու կիսամերկ փոքրիկները, այնուհետև կերպարանափոխված ընտանիքը դուրս եկավ վանքի ապականված մթնոլորտից, և սկսեց դիմել դեպի բժշկապետի պատրաստած բնակարանը:

318