Jump to content

Էջ:Խենթը.djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԼԸ


«Լուսավորչի քամին» բարձրացավ և ցերեկվա դժոխային տոթը տեղի տվեց երեկոյան զովությանը: Այդ բարերար քամին ոչ միայն Վաղարշապատի, այլ ամբողջ Արարատյան գավառի կենսատու ոգին է, որ ամառային օրերում շարունակ փչում է ամեն երեկո։ Եվ զուր չէ ասում ժողովրդական ավանդությունը, որ մեր Լուսավորիչ հայրը նրան սահմանեց իր ժողովուրդը հիվանդությունից ազատ պահելու համար։
Վանքի աբեղաները կեսավուր հանգիստ քնից հետո, դարս էին եկել խորշերից և զույգ-զույգ զբոսնում էին Ներսեսի լճի շուրջը, գեղեցիկ ճեմելիքների մեջ, որ հովանավորված էին ծառերի խիտ կամարների ներքո։ Իսկույն աչքի էր զարկում, որ զբոսնող հայրերը չէին կազմում խումբեր, այլ բաժանված էին առանձնացած զույգերի, կամ բոլորովին միայնակ էին ման գալիս։ Դրանք նմանում էին այն արարածներին, որոնք իրանց հեռու են պահում ընկերական կյանքից, այն պատճառով միայն, որ վախենում են միմյանց մոտենալ։ Կասկածը, անմիաբանությունը, անհավատարմությունը առանձնացրել էին նրանց,— և այդ կոչվում է վանական եղբայրություն։
Լիճը գտնվում էր մի արհեստական բարձրավանդակի վրա, որ կառուցված էր կոփածո քարերից։ Նրա ստորոտից մինչև Գայանեի վանքը տարածված էր հին գերեզմանատուն։ Մի քանի տեղ փորում էին նոր գերեզմաններ, մի քանի տեղ հողով ծածկում էին արդեն փոսերի մեջ դրած մարմիններր։ Թիերը և բրիչները գործում էին։ Քահանան փրփրթալով, աղոթքներ կարդալով, ճիշա ասած՝ ոչինչ չկարդալով, մի գերեզմանից դեպի մյուսն էր վազում և կատարում էր թաղման խորհուրդը։ Այդ բոլորը գործվում էր խորին լռության մեջ։ Ո՛չ բարեկամի լացը, ո՛չ ազգականի արտասուքը չէին առաջնորդում հանգուցյալներին դեպի ոգիների աշխարհը, կարծես նրանք շատ ուրախ էին, որ թշվառ մարդիկ, ազատվելով տաժանական կյանքից, գերեզմանի մեջ վերջապես պետք է հանգստություն գտնեին։ Թաղում էին ալաշկերտցի գաղթականներին։
— Ո՜րքան շատ մեռնում են,— ասաց աբեղաներից մեկը իր հետ ման եկող ընկերին։
— Միևնույն է,— պատասխանեց ընկերը սառնասրտությամբ,— այնտեղ քրդերը և թուրքերը պետք է կոտորեին, այստեղ գոնե իրանց մահավ են մեռնում։ Բայց մենք հեռացաանք հարցից,—

319