Jump to content

Էջ:Խենթը.djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բերվել էր անուշահոտ ըմպելին,— դու չե՞ս իմանում, որ իմ խուցը այն ուխտատեղներից է, ուր մատաղը իր ոտքովն է գալիս...[1]
— Իմանում եմ... լավ է այդպիսի ձգողական զորություն ունենալ։
Արևը մտել էր արդեն։ Անտառի մեջ մռայլը հետզհետե թանձրանում էր, թեև ոսկեզօծ ամպերը տակավին վառվում էին արեգակի վերջին ճառագայթներից։ «Լուսավորչի քամին» փոքր մեղմացել էր և ծառերի տերևները հազիվ շարժվում էին մի խուլ կախարդական սոսափյունով։ Անտառի խորին լռությունը երբեմն ընդհատվում էր տխուր հառաչանքներով։ Գիշերր մոտենում էր։ Խավարի մեջ ավելի շուտ զարթնում են դառն հիշողությունները։ Բացօթյա, գետնատարած, մերկ և անոթի ալաշկերտցին, մի սարսափելի երազից սթափված մարդու նման, դեռ նոր սկսել էր զգալ իր վիճակի դառնությունը։ Նա մտածում էր, որ հարստություն ուներ, իսկ այժմ ստիպված է մուրացկանությամբ ապրել։ Նա մտածում էր, որ տուն և օթևան ուներ, իսկ այժմ բաց երկնքի տակ է ապրում։ Նա մտածում էր, որ զավակներ ուներ, իսկ այժմ չկան նրանք, ո՞րտեղ կորան, ո՞վ տարավ, ի՞նչ եղան, ինքն էլ չգիտեր։ Բոլորր կորավ մի խառնաշփոթ և սոսկալի խռովության մեջ, երբ մայրը որդուն մոռացել էր, երբ եղբայրը մոռացել էր իր քրոջը, երբ տղամարդը կորցրել էր ամուսնին, երբ ամեն մարդ, հալածված թուրքի սրից և հրից, աշխատում էր իր գլուխը միայն ազատել։ Ամեն մարդ սրտումը անդարմանելի վերք ուներ, ամեն մարդ կորցրել էր մի բան, որ նրա համար աշխարհի բոլոր բաներից թանկագին և անփոխարինելի էր։ Այս էր պատճառը, որ ամբողջ Վաղարշապատը այս գիշեր թնդում էր գաղթականների հառաչանքներով, որոնք կատարում էին մի ընդհանուր սուգ, սուգ, որի համար մխիթարություն չկար...
Այդ միջոցին մի պարթևանձնյա տղամարդ, անցնելով անտաոի ծառերի միջով, հետաքրքիր աչքերով նայում էր գաղթականների վրա, մոտենում էր նրանց, խոսեցնում էր և դարձյալ շարունակում էր իր ընթացքը։ Տխուր, մտահույզ կերպարանքը այդ տղամարդի երեսի այրական արտահայտությունը, համարձակ և անձնավստահ շարժմունքը ակամա ուշադրություն էին դարձնում իր վրա։

322

  1. Ամայի և ժողովրդից մոոացվաձ տեղերում գտնված կիսավեր մատուռների և վանքերի մասին ավանդություններ կան, որ նրանց տոնի օրերում վայրենի անասունները իրանց հոժարությամբ գալիս են նրանց դուոը, և անապատի հովիվները բռնելով մատաղ են անում: