Jump to content

Էջ:Խենթը.djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պաարաստի փող չունի, որ կարողանա գրավական ներկայացնել:
Այդ ես էլ գիտեմ, բայց դրանով գործը չի խանգարվի, գրավականը մենք կտանք, նա իր կողմից կներկայացնե։
— Դու պատրաստի փող ունե՞ս։
— Տոկոսաբեր արժեթղթեր ունեմ:
— Միևնույն է։ Ուրեմն էգուց ժողովի մեջ աճուրդի հարցը կբարձրացնենք։ Բայց ես վախենում եմ, որ «վերևից» կխառնեն գործը։
— Չեն կարող, միթե այդ «հոսոսները» իրանք միևնույնը չեն անում, ինչ բանի վրա որ մտածում ենք մենք։ Եթե «փոքր դևը» մատը կխառնի, ես նրա ականջին մի բան կասեմ և իսկույն կլռե:
Այսպես ոմանք միաբանության մեջ կատարվող ինտրիգաների վրա էին խոսում, ոմանք իրանց գաղտնի սպեկուլյացիաների վրա էին խոսում, բայց ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, թե ինչ է կատարվում իր շուրջը, ոչ ոք չէր մտածում այն բանի վրա, թե ինչպես ալաշկերտցին, զրկված բնիկ երկրից, պանդուխտ, անտեր և անխնամ, ճանճերի նման կոտորվում էին։ Ոչ ոք չէր հետաքրքրվում այն հարցով, թե ի՞նչ էր եղել այդ թշվառների գաղթականության պատճառը կամ ի՞նչ կլինի նրանց վախճանը մի օտար, անծանոթ երկրում:
Մի քանի աբեղաներ, հավաքված միասին, իրանց ամենօրյա երեկոյան սովորության համեմատ, նստել էին անտառում, գեղեցիկ պարսկական խալիչաների վրա և թեյ էին վայելում։ Մանկահասակ փոքրավորները, նրանցից սակավ փոքր ինչ հեռու, միմյանց հետ քրթմնջալով, ծիծաղելով և հանաքներ անելով, կարգի էին դնում թեյի ահագին պատրաստությունը։ Այնտեղ կար սեր, կարագ, սպիտակ հաց, ռոմ և ամեն ինչ։ Երեկոյան զովը և անտաոի մաքուր օդը բաց էին արել սուրբ հայրերի ախորժակը։ Նրանք խմում էին, ուտում էին, ուրախանում էին, առանց մտածելու, որ նույն անտառի ծառերի տակ, խոնավ գետնի վրա, այժմ ընկած էին հազարավոր քաղցած ընտանիքներ։ — Այդ ռոմը շատ լավն է, ինչ գեղեցիկ հոտ ունի, ո՞րտեղից ստացաք, հայր սուրբ,— հարցրեց աբեղաներից մեկը խորին զմայլության մեջ ճաշակելով ռոմով խառնած թեյի բաժակը։
— Ո՞րտեղից ստացա...— կրկնեց հայր սուրբը, որի խցից

321

21 Րաֆֆֆ, Երկերի ժողովածու, հ. III