Jump to content

Էջ:Խենթը.djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարելի է գտնել։ Ես շատ կցանկանայի տեսնել Մելիք- Մանսւրին, լսեցի, որ նա էլ գաղթականների մեջն է։
— Ես նրան տեսա երկու օր առաջ,— պատասխանեց վարդապետը,— այժմ պետք է Երևանում լինի. կարծեմ պետք է տեսնվեր մի քանի պարոնների հետ, որոնք մտածում են մի մասնաժողով կազմել գաղթականների վիճակի համար հոգ տանելու:
— Թիֆլիսում արդեն կազմվել է մասնաժողով։
— Երևանինը պետք է նրա մի ճյուղը լինի։
— Այստեղ ի՞նչպես են գնում գործերը։
— Շատ վատ,— պատասխանեց վարդապետը տխուր ձայնով.— մի ամբողջ շաբաթ է, որ այստեղ վեր ընկած եմ. Ղազարապատի մի անկյունում տեղ են տվել. ոչ ոք ինձ վրա չի նայում, ոչ ոք չի էլ ուզում հարցնել, թե ի՞նչ և ո՞րպիսի դառն հանգամանքներ բերեցին մեզ այստեղ։ Ինձ խոստացան, թե կտանեն վեհարանը և այնտեղ հարցմունքներ կանեն։ Բայց դժբախտաբար այսպես օրերը անցնում են։ Ստիպվեցա գրավոր կերպով ներկայացնել թշվառ ժողովրդի գաղթականության բոլոր պատմությունը և հույս ունեի, որ դրանից հետո կկանչեին ինձ և բերանացի բացատրություններ կպահանջեն։ Այդ փորձը նույնպես մնաց ապարդյուն։ Մի՞թե կարելի է մինչև այս աստիճան սառնասիրտ և մինչև այս աստիճան անգութ լինել։ Ես ցուցակ ունեմ, որ 3000 ընտանիքից մինչև այսօր 1500 հոգի մեռել են, որը հիվանդություննից, որը քաղցածությունից։ Մնացածները, անտարակույս, նույնպես կմեռնեն, եթե նրանց վիճակը այսպես կշարունակվի։
Վերջին տեղեկությունները որքան և ցավալի լինեին, այսուամենայնիվ, մի առանձին տպավորություն չգործեցին Վարդանի սրտի վրա. նա այդ բոլորը շատ բնական էր համարում. նա առաջուց գիտեր այս տեսակ գաղթականությունների կորստաբեր հետևանքները:
— Բոլոր գաղթականները այստե՞ղ՝ Վաղարշապատում են միայն զետեղված,— հարցրեց նա։
— Ոչ, Իգդիրից եկան Վաղարշապատ և այստեղից տարածվում են ամեն կողմեը։ Այժմ Սուրմալու գավառից սկսած, գազթականները ցրված են մինչև Նոր-Բայազեդ, մինչև Հին-Նախիջևան, ամեն տեղ, ամեն գյուղերում կարելի է գտնել նրանց։
— Ժողովուրդը ի՞նչպես է վերաբերվում դեպի իր պանդուխտ եղբայրները։
— Ժողովուրդը խիստ մարդասիրաբար է վարվում. օթևան է

324