Jump to content

Էջ:Խենթը.djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տալիս, կերակրում է, հագուստ է տալիս, է, չի խնայում, ինչ բանով որ կարող է օգնել: Պետք է ասած, որ այստեղի ժողովուրդը ինքն էլ սաստիկ կարոտության մեջ է, պատերազմի պատճառով այժմ ամեն ինչ թանկացել է: Բայց գաղթականներին ավելի բժշկական օգնություններ են հարկավոր, քան թե հաց. զանազան հիվանդություններ անխնա կոտորում են։
Գիշերային մութը բոլորովին պատել էր վանքի շրջակայքը: Աբեղաները քաշվել էին իրանց խուցերը: Բայց խորհրդավոր երգի ձայնը կրկին լսելի եղավ անտառի խորքից։


«Բուլբուլն է հաքեր ի հոտին կոշիկ,
Զվարդն կփնտռե սիրով անուշիկ...»։


— Դու այժմ ո՞ւր պիտի գնաս,— հարցրեց վարդապետը Վարդանից, ոտքի կան գնելով։
— Ինքս էլ չգիտեմ...
— Գնանք ինձ մոտ։
— Ես չէի ցանկանա, որ այստեղ ինձ տեսնեին։
— Վանքում այժմ քեզ ոչ ոք չէ կարող ճանաչել։


ԼԹ


Հովհաննես հայր սուրբի կացարանը գտնվում էր Ղազարապատի վերին հարկի սենյակներից մեկի մեջ։ Վարդանը իր ամբողջ մարմնի մեջ մի ցուրտ դող զգաց, երբ մյուս անգամ ոտ կոխեց վանքի շեմքի վրա։ Տասն տարուց ավելի կլիներ, որ նա հեռացել էր այստեղից։ Այժմ տխուր հանգամանքները կրկին բերեցին նրան այստեղ։ Ի՞նչու աշխարհից անջատված և իրանց անձը աղոթքի և ճգնության նվիրած հասարակության այդ մենարանը այնպես անախորժ տպավորություն գործեց անբախտ երիտասարդի վրա: Նա հիշեց իր մանկությունր, այն հիմարություններով լի և դատարկ մանկությունը, որ անցուցել էր այնտեղ։ Նա հիշեց այն մթին անցյալը, որի վրա կրկին նայելը զզվանք և սոսկում էր ազդում նրա մեջ։
Վարդանի ակամա խռովությունը չէր կարող չնշմարել Հովհաննես հայր սուրբը, նա կարեկցաբար հարցրեց.
— Ի՞նչ կա, ի՞նչու այսպես լուռ ես։

325