համար նա եկած էր, այլ հրամայեցին դուրս անել վանքից։ Թշվառականը ստիպվեցավ նույնպես փոխել իր լեզուն և այնուհետև պատվավոր ընդունելություն գտավ, մոռացավ իր վանքը, մոռացավ իր ժողովուրդը և մյուս անգամ չհիշեց քրդերից կրած հարստահարությունները: Ես ավելին կասեմ, այդ վարդապետը ավելի ևս հաճոյանալու համար, մի տոնախմբության օրում, սկսեց խմել սուլթանի կենացը, նույն իսկ ժամանակ, երբ Բայազեդում և Ալաշկերտի մեջ թուրքերը կոտորում էին հայերին: Այդ բոլորից հետո, կարծեմ, շատ պարզ է, թե այստեղ որպես են նայում գործի վրա։
Վարդանը չէր հավատում իր ականջներին, նրան թվում էր, թե այդ բոլորը լսում է երազի մեջ։ Նա երևակայել չէր կարող այն աստիճան անգթություն, որ հասնում էր սարսափելի դավաճանության: Ազգի սոսկալի ճգնաժամի րոպեում, երբ նրա կյանքը, երբ նրա ապագան կախված էր մի մազից, որ կարող էր կտրվել, և ձգել նրան հավիտենական անդունդի մեջ,— մի այդպիսի աղետալի րոպեում, երբ ամբողջ ազգի աչքը դարձրած էր դեպի փրկության Արարատը,— նա, ազգը, հանդիպում էր իր ծնողի սառնասրտությանը, և գտնում էր նրան թեքված իր թշնամու, իր սպանողի կողմը...:
— Բոլոր՞ը միևնույն համոզմունքի են,— հարցրեց Վարդանը խռովյալ ձայնով։
— Ոչ, «հոսոսները» միայն։ Դրանք թուրքի կառավարության մեջ տեսնում են ամեն ինչ արդար և իրավացի։ Եվ եթե հայերը բողոքում են կամ դժգոհություններ են հայտնում, բոլորը սուտ է և զրպարտություն։
— Շատ հասկանալի է, դրանք ևս մի տեսակ Թոմաս էֆենդիներ են. թուրքի անկարգությունները միշտ նպաստավոր են Թոմաս էֆենդիներին։ Բայց գոնե թող օրինակ առնեին Ներսես պատրիարքից, Խրիմյանից և Նարբեից, որոնք հայոց պատմության մեջ պաշտելի անուն պիտի թողնենք։
— Դու խիստ միամտաբար ես խոսում, բարեկամ,— պատասխանեց հայր սուրբը,— հավատացնում եմ քեզ, եթե հնար ունենան, հենց այսօր կոչնչացնեն Ներսեսի բոլոր գործողությունները, գուցե, աշխատում էլ են... Այստեղ ճգնում են հավատացնել, թե Ներսեսը և իր արբանյակները, բոլորը շարլատաններ են, թե նրանք խաբում են ազգին, թե նրանք հայի համար չեն մտածռւմ և (մտածելու էլ առիթ չկա), թե նրանք եվրոպական այլևայլ
327