Jump to content

Էջ:Խենթը.djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ոչինչ, երբեմն ինձ հետ պատահում են անտեղի մտահուզություններ...
Փոքրիկ սենյակի մեջ կար մի մահճակալ, որի վրա նստած էին հայր սարբը իր հյուրի հետ. մյուս կողմում դրած էր մի սեղան հասարակ փայտից, որի վրա վառվում էր ճրագուի մոմը. իսկ նրա մոտ փոքրիկ սամովարը եփ էր գալիս։ Հայր սուրբը իր ձեռքով ածեց երկու բաժակ թեյ, մեկը տվեց Վարդանին, մյուսը սկսեց ինքը խմել։ Տաք ըմպելին կազդուրեց երիտասարդի գրգռված ջղերը։
Երկար երկու կողմից ևս տիրում էր մի տաղտկալի լռություն: Խոսակցությունը չէր պատվաստվում, մինչև նա դարձավ այն առարկային, որ երկուսի սրտին ևս խիստ մոտ էր։
— Այստեղ ի՛նչպես են նայում «գործի» վրա,— հարցրեց Վարդանը։
— Մի կարճ պատմությունից դու կարող ես հասկանալ բոլորը,— պատասխանեց հայր սուրբը։— Այստեղ եկած էր մի տաճկաստանցի վարդապետ՝ եպիսկոպոս ձեռնադրվելու համար (նա դեռ այստեղ է, գուցե կհանդիպես նրան)։ Առաջին օրերում, երբ դեռ նոր էր եկել, խոսելով Թուրքիայի հայերի մասին, ամենասարսափելի գույներով նկարագրում էր նրանց դրությունը, պատմում էր քրդերի բարբարոսությունները, պատմում էր թուրքերի հարստահարռւթյունները և հազար ու մեկ փաստեր էր բերում, թե որպիսի եղեռնագործություններ են կատարում Հայաստանում։ Նրա խոսքերին անկարելի էր հավատ չընծայել, որովհետև բոլորը, ինչ որ ասում էր, հաստատում էր անհերքելի ապացույցներով։ Բայց հենց որ այդ մարդը տեսնվեցավ «հոսոսների» հետ, այնուհետև լեզուն փոխեց։ Այնուհետև սկսեց գովաբանել թուրքերի մարդասիրությունը, պաշտպանել նրանց արդարությունը և հիանալ նրանց ազնվության և մեծահոգության վրա։ Ի*նչ աներ խեղճը, եթե լեզուն չփոխեր։ Եթե իր խղճի և համոզմունքի դեմ չջատագովեր այն, որ իր համար գարշելի էր և ատելի, գուցե չէր ստանա ցանկացած եպիսկոպոսությունը։ Մի ուրիշ օրինակ ևս. մի այլ տաճկաստանցի վարդապետ, որի վանքը կողոպտված էր քրդերից, եկել էր այստեղ պաշտպանություն խնդրելու։ Այդ ողորմելին ավելի ցավալի կերպով նկարագրում էր իր ժողովրդի կրած նեղությունները թե՛ կառավարության պաշտոնյաներից և թե՛ քուրդ դերեբեյիներից։ Երբ նրա խոսքերը հասան «հոսոսներին», ոչ միայն ուշադրություն չդարձրին վարդապետի խնդիրքի վրա, որի

326