Jump to content

Էջ:Խենթը.djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խնդրել։ Այդ միջոցին անցավ նրա մոտից մի ֆայտոն, նստողը, տեսնելով աբեղային հրամայեց կանգնել։
— Լա՜վ խաբար,— ասաց նա մոտենալով.— Երևանի նահանգապետը հաստատեց գաղթականներին օգնելու համար կազմված մասնաժողովը, անդամներ ընտրվեցան բավական հավատարիմ անձինք։ Թիֆլիսից նույնպես ուրախալի լուրեր ստացվեցան. այնտեղի մասնաժողովր եռանդով գործում է, խոստանում են շուտով փողեր և բժշկական դարմաններ ուղարկել։
— Ուրախալի է,— պատասխանեց աբեղան։— Այստեղ էլ մտածում են հրամաններ գրել հոգևոր իշխանության գործակալներին նվիրատվություններ հավաքելու։
— Ո՞րտեղից պիտի գրեն։
Աբեղան ձեռքը պարզեց դեպի վանքը։ Երիտասարդը սկսեց ծիծաղել։
— Այդ ոչինչ նշանակություն չի կարող ունենալ,— պատասխանեց նա,— նրանց հավաքածը ալաշկերտցու փորը չի մտնի...
Եկվորը Մելիք-Մանսուրն էր։
— Դու ինձ ուրախացրիր բերած լուրովդ,— ասաց աբեղան. — ես էլ քեզ պիտի ուրախացնեմ։
— Ի՞նչով։
— Վարդանը այստեղ է։ Իմ սենյակում։
— Իրա՞վ, ո՞րտեղից դուրս եկավ այդ սատանան. ես չէի հավատում, որ մյուս աշխարհից մարդիկ կարող են վերադառնալ։ Գնանք։
Երկուսն էլ սկսեցին դիմել դեպի վանքը։
Ճանապարհին Մելիք-Մանսուրը հարցրեց աբեղայից.
— Դու լավ ճանաչում ես Վարդանին։ — Հինգ տարուց ավել կլինի, որ ես նրա հետ ծանոթ եմ։ Մեր կողմերում նա հայտնի է որպես մի քաջ կանտրաբանտիստ։ Բայց երկար ժամանակ ոչ ոք չկարողացավ հասկանալ, որ նրա պարապմունքր շահասիրական նպատակ չունի։ Նա միայն զենքեր էր տեղափոխում և շատ անդամ ձրի բաժանում էր գյուղացիներին, եթե պատահում էր երբեմն ապրանքներ բերել, այդ անում էր նա իր բուն վաճառքի հետքերը թաքցնելու համար: Նպատակը շատ բարի էր, բայց տխուր հանգամանքները բոլորը ապարդյուն արեցին...
— Ես մի քանի անգամ միայն կարողացա տեսնել նրան,— պատասխանեց Մելիք-Մանսուրը,— բայց մինչև այսօր ոչ մի

333