Էջ:Խենթը.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միևնույն հարկի տակ, միևնույն սենյակում, որ ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ չորս պատ, ծածկած ահագին գերաններով։ Այստեղ վառում էին, այստեղ թխում էին, այստեղ կերակուր էին պատրաստում, այստեղ բոլորը միասին ուտում էին և այստեղ բոլորը միասին պառկում էին։ Այստեղ կարելի էր տեսնել նորածին հորթեր, փոքրիկ ուլեր, որոնք խառնված երեխաների հետ, վազվզում էին, թռչկոտում էին, աղաղակում էին և տունը լցնում էին կենդանի աղմուկով։ Այստեղ հավերը շատ անգամ ներս էին մտնում և հատակից քաղում էին փշրանքներ կամ ուրիշ այլ տեսակ բաներ, որոնք երեխաների ձեռքից անխնա ցած էին թափվում։ Մի խոսքով, դա Նոյի տապանն էր, ուր զետեղված էին ամեն տեսակ կենդանիներ։ Այդ բնակարանին կից էր մի երկրորդը։ Դա առաջինից զանազանվում էր նրանով միայն, որ առջևի ճակատը բոլորովին բաց էր և նայում էր բակին։ Դրան կոչում էին սրահ և ծառայում էր որպես ամառվա բնակարան։ Սրահի միջից բացվում էր մի դուռն գլխավոր սենյակի մեջ, և այսպիսով նա ներկայացնում էր բուն բնակարանի նախագավիթը։ Դրանց կողքին կար մի առանձին փոքրիկ սենյակ, որին կոչում էին օդա․ նրա դռները բացվում էին այն ժամանակ միայն, երբ տանը հյուր էր գալիս և միշտ պահվում էր մաքուր և զարդարված։

Զ

Չնայելով կեցության այդ անշուք և պարզ ձևին, կյանքը այդ նահապետական տան մեջ սահում էր ուրախ և լի ամեն բավականություններով։ Աշխատանքը անդադար եռ էր գալիս և աստուծո օրհնությունը թափվում էր այստեղ իր բարություններով։ Ծերունի Խաչոյի ամբարները միշտ լիքն էին լինում ցորենով, յուղով, ձեթով և գինիով։ Տարվա բոլոր եղանակներից օգուտ էր քաղում նա, թե՛ ցուրտ և թե՛ տաք օրվա համար նա միշտ գործ և պարապմունք ուներ։

Ահա՛ լեռների ձյունը սկսեց հալվել, դաշտերը վաղուց ժպտում են գեղեցիկ կանաչով։ Գարուն է։ Օդը տոգորված անուշահոտ ջերմությամբ կյանք է սփռում դեպի ամեն կողմ։ Ձորերի միջից վազում են հարյուրավոր աղմկալի վտակներ և օձապտույտ ընթացքով տարածվում են հովտի մեջ։ Նորեկ ծիծեռնակը հրավիրում

96