Էջ:Խենթը.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է մշակին դեպի գործ։ Խաչոյի որդիները արդեն պատրաստել են արորը և գութանը։
Արևը դեռ նոր էր սկսել ծագել, դեռ նոր սարերի ձյունապատ գագաթները վառվում են վարդագույն ճառագայթներով։ Ծերունին դառնում է առավոտյան ժամից, աջ և ձախ ամեն հանդիպած մարդուն «ողորմի աստված» ասելով։ Նրա որդիները այսօր առաջին անգամ պետք է դուրս բերեն եզներին և գոմեշներին, որոնք ամբողջ ձմեռը ախոռում կերել, գիրացել, հանգստացել են և ամենևին դրսի լույսը չեն տեսել։ Մեծ զվարճություն է գյուղացու համար այս տեսարանը, և այս պատճառով նրանցից շատերը հավաքվել էին Խաչոյի տան դռան մոտ, որ տեսնեն, թե ինչպես էին պահվել և խնամվել նրա անասունները։
— Աչքդ լույս, տանուտեր Խաչո, — հարցրեց նրան գյուղացիներից մեկը, — այսօր տղերքը ուզում են «խամից հանե՞լ» գոմեշներին։
— Հա՛, ժամանակ է, մինչև ե՞րբ ներսումը պահենք․ տերտերից հարցրի, ասաց «օրը բարի է»․ ես էլ կամեցա, որ այսօր դուրս հանեն, — պատասխանեց տանուտերը, մի առանձին նշանակություն տալով քահանայի խոսքերին։
Այս միջոցին ներսից լսվեցան զանգակի ձայներ և բազմությունը ետ քաշվեցավ ճանապարհ բաց անելու համար։
— Այդ Չորան է, — լսելի եղավ ամեն կողմից։

Չորա կոչում էին տանուտերի նշանավոր գոմեշներից մեկին, որի ճակատը սպիտակ լուսնաձև պսակ ուներ և որը հռչակված էր իր ուժով և մեծությամբ։ Վիթխարի անասունը փռնչալով, մռնչելով, դուրս պրծավ տան դռնից։ Գետինը դողդողում էր նրա ոտների տակ։ Նա հանկարծ կանգ առեց դռան առջևի հրապարակի վրա և գլուխը վեր բարձրացնելով, սկսեց նայել իր շուրջը։ Նույն միջոցին ծերունի տանուտերը զարկեց նրա ճակատին մի ամբողջ անեփ ձու։ Ձուն փշրվեցավ և դեղնագույն հեղուկը տարածվեցավ սպիտակ ճակատի վրա։ Այդ նրա համար էր, որ չարը խափանվի և նրան «աչք չառնե»։ Չորան այդ գործողությունից խրտնեցավ, և եղջյուրները թափ տալով, մի սարսափելի թռիչք գործեց և հարձակվեցավ այնտեղ հավաքված ամբոխի վրա։ Նույն միջոցին վրա հասան ծերունու որդիները և ահագին մահակներով աշխատում էին ետ դարձնել ամեհի անասունին։ Մարդկային ուժը պատերազմում էր վայրենի ուժի դեմ։ Փարախի մթությունից դեպի լույս աշխարհ դուրս գալսվ, Չորայի անսովոր աչքերին ամեն առարկա

97

7 Րաֆֆի, երկերի ժողովածու, ն․ III