Jump to content

Էջ:Խենթը.djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չէր տեր հոր արտասուքի պատճառը։ Նա հիշեց միայն իր ապառիկները, որ պիտի ստանար իր ծուխից, իսկ ծուխը այժմ չկար, ապառիկները կորան... Բայց այդ դժբախտ ապառիկների մասին, որոնք այնքան հոգսեր էին պատճառել տեր հորը, Վարդանը ոչինչ չգիտեր, այդ պատճառով, մի առանձին ուշադրություն չդարձրեց։
Նա այլևս չէր համարձակվում հարցուփորձը առաջ տանել, և մասամբ ուրախ էր, որ տեր հայրը իր ապառիկներով հեռանում էր բուն հարցից։ Նա խմեց իր առջև դրած բաժակը, աշխատելով իր վշտերը ցրվել գինու թմրության մեջ։ Բայց գինին ավելի էր բորբոքում այրված սրտի տանջանքը, որպես յուղ, որ ածվում է բոցավառ կրակի վրա։
Վարդանին իր դժվար դրությունից ազատեց Մելիք-Մանսուրը։ Նա լսել էր շատ բան ծերունի Խաչոյի ընտանիքի մասին, նրան հայանի էր այդ հոյակապ ընտանիքի գլխավորի և նրա երկու որդիների ցավալի մահը, բայց մնացածների մասին ոչինչ չգիտեր։
— Այդ ընտանիքից ո՞վ մնաց,— հարցրեց նա։
— Ոչ ոք,— պատասխանեց քահանան սառնասրտությամբ։ — Ինքը տանուտերը իր երկու որդիների հետ մեռան բանտի մեջ։ (Այդ պետք է լավ գիտենաք)։ Մնացած որդիներին կոտորեցին, հարսներին և աղջիկներին գերի տարան…
— Բոլորին…— գոչեց Վարդանը սարսափելով։
Քահանան, նկատելով երիտասարդի սոսկալի դեմքը, այժմ միայն զգաց, թե իր պատասխանը որքան անզգույշ էր։
— Սառան այստեղ է,— ասաց նա,— իր երկու երեխաների և Լալայի հետ:
Վարդանի ուրախությանը չափ չկար։ Նա այժմ նմանում էր մի մարդու, որ սարսափելի նավաբեկությունից հետո, տարուբերվելով կատաղի ալիքների մեջ, մաքառում էր մահվան և օրհասի հետ։ Սպառված ուժերը այլևս չեն օգնում նրան։ Նա աչքերը գոցում է, որ մյուս անգամ բաց անե անդունդի մեջ։ Հանկարծ գտնում է իրան ցամաքի վրա։ Ինչպես հայտնվեցավ այնտեղ, ինքն էլ չգիտե: Ալիքների մի սաստիկ հորձանք ձգեցին նրան այն տեղ։
— Այստե՞ղ է Լալան... այստե՞ղ է Սառան... ուրեմն ես կտեսնեմ նրանց, փա՜ռք քեզ աստված,— գոչեց նա նստած տեղից վեր թռչելով։— Գնա՛նք, տեր հայր, դու խո իմանում ես, թե նրանք

349