Jump to content

Էջ:Խենթը.djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Լալայի հետ։ Նա մինչև անգամ ծանոթ չէր ծերունի Խաչոյի ընտանիքի հետ։ Բայց նկատելով իր բարեկամի անհանգստությունը, հարցրեց.
— Դու ունե՞իր մի բան խոսելու տեր հոր հետ, գուցե ես...
— Ոչ, քեզանից ծածուկ ոչինչ չունեմ,— ասաց Վարդանը և դարձավ դեպի քահանան.
— Տեր հայր, դու հանձնեցի՞ր Հովհաննես հայր սուրբին քո ծուխի ցուցակը. ինձ նույնպես հետաքրքիր է գիտենալ, թե ... գյուղից քանի ընտանիքներ կան գաղթականների մեջ և ո՞րտեղ են բնակվում նրանք։
— Օրհնած, իմ ծուխից ո՞վքեր են մնացել, որ նրանց համար ցուցակ կազմեի,— պատասխանեց քահանան այնպիսի մի եղանակով, կարծես, հավերի վրա էր խոսում։— Ես մատներով էլ կարող եմ համբարել ինչ որ մնացել է, կամ որտեղ թափառում են այժմ։
Վարդանը ամբողջ մարմնով դողաց։
— Մի՞թե բոլորին կոտորեցին,— հարցրեց նա, գունաթափիվելով։
— Եթե չասեմ բոլորին, դարձյալ պետք է ասել, որ մարդ չմնաց։ Ի*նչ եղան, ես ինքս էլ չգիտեմ, աստված ոչ մի քրիստոնյայի թող չտա այն պատուհասը, ինչ որ հասավ 0... գյուղին։ Այդ մեր մեղքիցն էր։ Կարծես Սոդոմ և Գոմորի նման երկնքից կրակ ու ծծումբ թափվեցավ և ամեն ինչ լափեց։ Ով որ ազատվեցավ կրակից, քրդերը կամ գերի տարան, կամ կոտորեցին։ Այդ բոլորը պատահեցավ մեկ գիշերվա մեջ։ Առավոտյան ամբողջ գյուղը նմանում էր մի հանգած խառույկի։ Կորա՜ն իմ ապառիկները, կորա՜ն... էլ հույս չկա մի բան ստանալու... Թոմաս էֆեեդին, աստված թող հոգին լուսավորե, խոստացավ, որ կհավաքե իմ ապառիկները, բայց նա էլ ձեր չարը տարավ... Այսպես մնացի աղքատ և տնանկ, տեսնո՞ւմ եք ինչ վիճակի մեջ եմ ես...— և նա ցույց տվեց իր քրքրված հագուստը։
Արտասուքը սկսեց թափվել խեղճ քահանայի աչքերից և դառն կերպով հեկեկում էր նա։ Արդյոք նա հիշե՞ց իր հարս Զուլոյին և նրա հրեշտակի նման երեխաներին, որոնք նույնպես չկային գաղթականների մեջ։ Արդյոք նա հիշե՞ց իր փեսա տիրացու Սիմոնին և նրա կնոջը, որ իր հարազատ աղջիկն էր, որոնք նույնպես անհետացել էին ընդհանուր խռովության մեջ։ Արդյո՞ք ժողովրդի ցավն էր տանջում քահանային, որի հովիվն էր ինքը, որի կորուստը այնպես սառնասրտությամբ նկարագրեց նա։— Դրանցից և ոչ մեկը

348