պտույտվելով և շողշողալով վազում էին զանազան գետեր և ճեղքեավ անց էին կենում հովիտի հարթության միջից: Վարդանը չէր կարողանում աչքերը հեռացնել այդ հրաշալի տեսարանից: Վայրենի և անմշակ բնությունը մարդու աշխատասեր ձեռքի տակ այնպիսի գեղեցիկ կերպարանք էր ստացել, որպես կտավի կտորը պատկերահանի հրաշակերտ վրձինի տակ:
— «Դուք խոսում էիք քրդերի և թուրքերի տխուր ժամանակներից,— շարունակեց տան տերը մի առանձին ուրախությամբ,— բայց այն ժամանակներից հետո շատ բաներ փոխվեցան։ Տեսնում եք այդ սքանչելի լեռները. մի և կես դար առաջ դրանք բոլորովին մերկ էին, մի փոքրիկ թուփ անգամ չկար այդ սարերի վրա։ Այն ժամանակ բարբարոսների ձեռքը, որպես անգթաբար կոտորում էր մարդերին, այնպես էլ անխնա կոտորում էր ծառերին։ Բոլորը սպառված էր. ժողովուրդը վառելիքի համար գործ էր ածում աթարը, իսկ շինվածքի համար փայտ չկար. այդ պատճառով ստիպված էին բնակվել գետնափոր խորշերի մեջ։ Բայց երբ տիրեցին խաղաղության ժամանակները, այնուհետև ավերակ գյուղերը լցվեցան բնակիչների բազմությամբ, իսկ մեր լեռները ծածկվեցան անտառներով։ Այդ բոլորը տնկվել է գյուղացիների աշխատասեր ձեռքով։ Տեսնում եք այդ կանաչազարդ հովիտը, առաջ նա մի ցամաք և անջուր անապատ էր, մի փոքրիկ գետ միայն ուներ, որը բոլորովին ցամաքում էր ամառային տոթերից։ Իսկ այն օրից, երբ անտառները աճեցին, մեր հովիտը ստացավ ջրի առատություն։ Այժմ նա մեր գավառի պտղաբեր և ամենաարգավանդ երկրներից մեկն է։ Այո՛, շա՜տ բաներ փոխվեցան... Առաջ այստեղ ճանապարհներ անգամ չկային, իսկ այժմ ամեն տեղ կտեսնեք հայելու նման հարթ ճանապարհներ, որ միացնում են մեր երկրի բոլոր քաղաքները, և այդ ճանապարհների վրա սլանում են կառքեր, որ տարվում են ոչ թե անասունների ուժով, այլ շոգու զորությամբ։ Մեր երկրի արդյունաբերությունները մենք վաճառահանում ենք հազարավոր մղոններ հեռու և փոխարենր ստանում ենք ինչ որ մեզ պետք է»։
Վարդանը զարմացած լսում էր այդ բոլորը, բայց երբ նրա աչքը ընկավ գեղեցիկ Լալայի երեսին, հայտնի չէ թե ի՞նչու նրա խելքին եկավ հարցնեք, թե ո՞րտեղ է սովորել օրիորդր:
— «Մի շաբաթ հազիվ կլինի, որ ավարտեց Նոր-Վաղարշակերտի ճեմարանը. իսկ այժմ պատրաստվում է համալսարան մտնել բժշկություն սովորելու։ Առողջությունը թույլ է, ես
359