Jump to content

Էջ:Խենթը.djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եղավ, որ վիպասանության մեջ արտացոլեց արևմտահայության «թշվառ դրությունը» և առաջադրեց նրա ազատագրման ուղիները։ Արևմտահայության կյանքի վերհանման, հայ ժողովրդի ազատագրության խնդիրների արծարծման տեսակետից Րաֆֆու այդ շրջանի բնորոշ գործերն են «Ջալալեդդին»-ը, «Խենթը» և «Կայծեր»-ը։
«Ջալալեդդին»-ը Րաֆֆին հեղինակել է 1877—1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ արևմտահայերի, հատկապես Աղբակի գավառի հայության կոտորածի և դրա հետևանքով տեղի ունեցած գաղթի ուղղակի և անմիջական ազդեցության տակ։ «Ջալալեդդին»-ը գրված է հայրենասիրական արտակարգ պաթոսով և թուրքական արյունկզակ կառավարության ու ամեն տեսակ շեյխերի, բեկերի, վայրագությունների նկատմամբ տածած կիզիչ ատելության մեծ ուժով։ «Ջալալեդդին»-ի մեջ Րաֆֆին ուժեղ գույներով նկարահանել է ցնցող տեսարաններ շեյխ Ջալալեդդինի անօրինակ վայրագություններից և քստմնելի խժդժություններից։ Սակայն Րաֆֆին չի սահմանափակվել միայն Ջալալեդդինի բարբարոսության, նրա կազմակերպած հայաջինջ արշավանքի նկարագրությամբ։
Վիպասանը «Ջալալեդդին»-ի մեջ առաջ է քաշել թուրքական բռնակալության դեմ համազգային, համաժողովրդական ազատագրական պայքար ծավալելու, զինված անձնապաշտպանություն կազմակերպելու, հայ ժողովրդի համար «հանգիստ և բախտավոր» կյանք ստեղծելու հարցերը։ «Ջալալեդդին»-ի մեջ Րաֆֆին անխնա քննադատության է ենթարկել հայ հոգևորականությանը՝ ստրկության հանդեպ հլու հնազանդություն քարոզելու և ազատասիրության ոգին մեռցնելու համար։ Րաֆֆու այդ քննադատությունը հատու է և անխնա, որ բխում է հայրենիքի և հարազատ ժողովրդի նկատմամբ տածած բուռն սիրուց։
Րաֆֆին իր ատելությունը արտահայտել է հետևյալ ձևով. «Ո՛վ հայրեր, պապեր, այս գավաթը խմում եմ, բայց առանց նվիրելու ձեր ոսկորներին։ Եթե դուք այս վանքերի տեղ, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք,— եթե դուք սուրբ խաչերի և անոթների փոխարեն, որ սպառեցրին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, — եթե դուք այն անուշահոտությանց տեղ, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք,—այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ։ Այլևս քուրդերը մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորի և մեր կանայքը չէին հափշտակի… Այս վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրանք խլեցին մեր սիրտն ու քաջությունը. նրանք ձգեցին մեզ ստրկության մեջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը և թագը, առավ խաչր և մտավ Մանիա այրը ճգնելու համար… –Ո՛վ հայոց հին աստվածներ, ո՛վ Անահիտ, ո՛վ Վահագն, ո՛վ Հայկ, նվիրում եմ այս բաժակը ձեր սուրբ հիշատակին, դուք փրկեցեք մեզ»…
Այս խոսքերը վառ վկայություն են այն բանի, թե որքա՜ն խորն էր Րաֆֆու հայրենասիրական կսկիծը և ինչքան մեծ ու անհո՜ւն նրա սերը հայրենի ժողովրդի նկատմամբ:

ԽԵՆԹԸ


«Խենթը» վեպը առաջին անգամ լույս է տեսեք «Մշակ» լրագրում 1880 թ. և առանձին գրքով հրատարակվել է 1881 թ. Շուշիում։ Վեպը հետագայում տպագրվել է 1890 թ. Մոսկվայում, այնուհետև՝ այրի Աննա Րաֆֆու հրատարակությամբ 1905 թ. Վիեննայում, Մխիթարյան տպարանում։ «Խենթը» վեպի վերջին

510