Jump to content

Էջ:Խենթը.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(հյուրանոցը), որ մինչև նրանց գալը, բավական զարդարած և կարգի էր դրած։
Հատակը սփռած էր պարսական թանկագին գորգերով․ պատերի մոտ մինը մյուսի վրա շարած էին փափուկ բարձեր նստելու և թիկն տալու համար, և մի գեղեցիկ օթոց հատկապես պատրաստված էր բեկի բազմոցի համար։
Այժմ տանուտերը, հրավիրելով իր հյուրին նստել, ասաց իրանց երկրում ընդունված քաղաքավարական ոճով։
— Իմ տունը ձեր տունն է․ աչքիս և գլխիս վրա տեղ ունիք, ես ձեր խոնարհ ծառան եմ․ որդիքս ձեր ստրուկներն են, իսկ կանայքս՝ ձեր աղախինները, բարով և հազար բարով եք եկել, ամեն ինչ որ ունեմ, ձեզ «փեշքեշ» է։ Հրամեցեք, հրամեցեք, նստեցեք, խնդրեմ։
Բեկը շնորհակալություն հայտնեց, և Խաչոյի որդիներից մեկը մոտենալով ոտներից հանեց նրա կարմիր կոշիկները, և նա առաջացավ, նստեց իր համար պատրաստված բարձի վրա, որ բռնում էր հյուրանոցի պատվավոր կողմը։ Նրա մոտ նստեցին որպես մերձավորներ իր հորեղբոր որդիներից երկուսը, և մի քանի ուրիշ ազգականներ։ Ծառաների մի մասը մնաց օդայի մեջ, և ձեռքերները իրանց գոտիներում խրած ատրճանակների վրա դրած, խոնարհությամբ կանգնել էին բեկի սպասում։ Իսկ ծառաների մյուս մասը դուրս գնաց, հոգ տանելու որսորդական շներին և ձիաներին, որ նույն ժամանակ վայելում էին տանուտերի մարագի բարիքները։ Թե՛ բեկը և թե՛ իր ծառաները բոլորը զինվորված էին սրերով, վահաններով, ատրճանակներով, հրացաններով և նիզակներով, որոնց իրանցից չհեռացրին, թեև բարեկամի տուն մտան։ Քուրդը թե՛ իր տնում և թե՛ դրսում, թե՛ խաղաղության ժամանակ և թե՛ կռվի ժամանակ զենքերը իր մարմնից չէ հեռացնում։ Զենքը քրդի մարմնի անբաժան անդամներից մեկն է։
Խաչոյի որդիներից մի քանիսը, որ այդ ժամանակ դարձել էին դաշտից, անդադար դուրս էին գալիս և ներս մտնում, կատարելով հոր զանազան պատվերները։ Բայց նրանց վրա զենքեր չկային։ Սկզբում փոքրիկ նախշուն ֆինջանների մեջ մատուցին սուրճ առանց շաքարի։
— Ո՞ւր է Ստեփանիկը, չէ երևում, — հարցրեց բեկը, — ես սովորել եմ այստեղ գալու ժամանակ սուրճը միշտ նրա ձեռքից ընդունել։

104