Էջ:Խենթը.djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տանուտերը, թաքցնելով իր ներքին տհաճությունը, հրամայեց, որ կանչեն Ստեփանիկին։
Ներս մտավ Ստեփանիկը, ուրախության ժպիտը փայլում էր նրա անմեղ դեմքի վրա․ նա մոտեցավ բեկին և համբուրեց նրա ձեռքը։ (Քրդի ցեղապետները իրանց ձեռքը համբուրել են տալիս)։ Բեկը շոյելով նրա մետաքսանման մազերը, ասաց.
— Դու գիտե՞ս, թե ինչ լավ բան եմ բերել քեզ համար։
— Գիտեմ, — պատասխանեց Ստեփանիկը կարմրելով, — մի գեղեցիկ այծյամի ձագ է, տարա խոտ տվեցի, չկերավ։
— Տեսնում ե՞ք նա արդեն ստացել է իր ընծան, — ասաց բեկը դառնալով դեպի տանուտերը։
— Գիտեի, որ ինձ համար է, — պատասխանեց Ստեփանիկը, — ես էլ տարա։
— Դե՛, հիմա գնա՜, խաղա՛ քո այծյամի հետ, — ասաց բեկը։
Պատանին գլուխ տվեց և հեռացավ։
— Շատ խելոք տղա է, — խոսեց բեկը Ստեփանիկի գնալուց հետո։ — Երևի, նա դժգոհ է մնում, երբ ամեն անգամ ես այստեղ գալու ժամանակ, ինձանից մի ընծա չէ ստանում։
— Նա մեղ չունի, դուք եք այդպես սովորացրել, բեկ, — պատասխանեց տանուտերը, ակամա ծիծաղելով։
— Ա՜խ, ինչ լավ սարեր են ձեր սարերը, քավոր Խաչո,— փոխեց բեկը իր խոսքը․ — ամեն քայլում հանդիպում ես որսի, այծյամներ, եղնիկներ, եղջերուներ խումբերով են ման գալիս․ կաքավներին և վայրենի աղավնիներին հաշիվ չկա։ Այդ այծյամը, որ ստացավ Ստեփանիկը, բարակները բոլորովին կենդանի բռնեցին։ Բայց մի տեսնեիք, ինչ լավ բարակներ ունեմ այժմ․ մի զույգ նոր ստացա զելանցիների ցեղապետից․ փոխարեն ես մի զույգ ջորի ուղարկեցի։ Բայց խոսքը մեր մեջ թող մնա, ջորիները մենք դեռ նոր էինք խլել Մեքքայի պարսիկ ուխտավորներից։ Բայց բարակները հրաշալի են, մտքից ավելի արագ են թռչում։
Բեկի խոսակցությունը ամբողջ ժամանակ վերաբերում էր իր շներին, որսորդություններին, ձիերին, ավազակություններին և զանազան տեսակ քաջագործություններին, որոնց մասին մի առանձին բավականությամբ էր խոսում։ Տանուտեր Խաչոյին, թեև ձանձրալի էին այդ «հիմարությունները», բայց նա համբերությամբ լսում էր և երբեմն իր կողմից համակրություն էր ցույց տալիս։

Արդեն ճաշի ժամանակ էր։ Հատակի վրա տարածեցին սեղանի սփռոցը և նրա վրա շարեցին ահագին ափսեներով փլավ և

105