Էջ:Խենթը.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Շաբանը հայի աղջիկներ չէ սիրում, ասում է շուտով լաց են լինում, — մեջ մտավ մի ուրիշը։
— Այդ սուտ չէ, — խոսեց Շաբանը, — այդ քածերի սիրտը կարծես շուշայից է շինած, հենց որ դիպչում ես, իսկույն կոտրվում է։ Բայց մերոնք, աստված է վկա, քարե սիրտ ունեն, գայլի, գազանի ճանկը գցի, էլի չեն լաց լինի։ Ես համբերել չեմ կարող, երբ կնիկները լաց են լինում, կարծես, արտասուքը նրանց է տված։
(Ի՞նչ բարբարոսական զգացմունք, հայ կնոջ արտասուքը բարկացնում է քրդին)։
— Մի ուրիշ բան էլ կա, — նրանց խոսքը կտրեց մի քուրդ, որ հասակով բոլորից ծեր էր․ — այդ անհավատները երբեք ձեռը չեն վեր առնում իրանց անիծած կրոնից։ Ես, դուք գիտեք, որ երեք հատ պահում եմ, ուղիղն ասեմ, խիստ քիչ անգամ ծեծում եմ նրանց, բայց էլի տեսնում եմ, որ թաքուն ինչ որ աղոթքներ են անում։ Բայց մի բան լավ է, որ նրանք եզան չափ գործ են կատարում, մերոնց նման շատ չեն քնում։
— Բայց ինչ սիրուն հարսներ ունի տանուտեր Խաչոն, — խոսեց մի երիտասարդ քուրդ առանձին ոգևորությամբ․ — եթե այդ հայը մեր բեկի քիրվան չլիներ, ես նրա հարսներից մեկին կգողանայի։
Ծառաների խոսակցությունը ընդհատվեցավ շների աղաղակով․ հեռվից կրկին լսելի եղավ գիշերապահ հովիվների խորհրդավոր ձայնը։ Ծառաներից մի քանիսը զենքերը առած, վազեցին դեպի այն կողմը, որտեղից բարձրացավ աղմուկը։ Մոտենալով, խավարի միջից նրանք լսեցին հառաչանքներ — «ի սեր աստուծո, մեզ տարեք բեկի մոտ, մենք աղաչանք ունինք»․․․ Շները փոքր էր մնացել, որ գզգզեին այդ ողորմելիներին, եթե ծառաները շուտով հասած չլինեին։ Գիշերով անհնարին է մոտենալ քրդերի օբաներին (օթևան, իջևան) առանց վտանգի հանդիպելու, մեկ էլ տեսար գիշերապահի նիզակը ցցվեցավ կողքիդ մեջ։
Անծանոթները մի քանի հոգի էին, նրանց բերեցին այն վրանի մոտ, որի մեջ բեկը նստած էր իր հյուրի հետ։ Վրանի առջև կախած լապտերների լույսով երևաց, որ նրանք վաճառականներ էին և բեռ տանող չարվադարներ, որոնց մեկի արյունաշաղախ գլուխը, մյուսի թևքը, երրորդի մարմնի մի այլ մասը, փաթաթած էին և արյունը դեռ հոսում էր վերքերից։
Բեկը լսելով դրսի աղմուկը, կանչեց ծառաներից մեկին և հարցրեց․
— Ի՞նչ է պատահել։

118