Jump to content

Էջ:Խենթը.djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մի քանի վաճառականներ ձեզ մոտ խնդիրք ունին, ասում են, թե կողոպտեցին մեր քարավանը։
Տհաճության նման մի բան անցավ բեկի ուրախ դեմքի վրա, բայց նա ծածկելով իր ներքին վրդովմունքը, հրամայեց կանչել կողոպտվածներին։
— Զարմանալի բան է, — դարձավ նա դեպի մուդիրը, — «իմ հողի» վրա երբեք այսպիսի անկարգություններ չեն պատահել․ հիմա ի՞նչպես է եղել, որ կողոպտել են դրանց քարավանը։
Բեկը, սովորություն ուներ իր ցեղի բնակած երկիրն իր հողը կոչել, թեև այնտեղ մի ափ հող անգամ որևիցե քրդի չէր պատկանում, այլ բոլորը անհաստատաբնակ բոշաների նման թափառում էին մի տեղից մյուս տեղ։
— Ավազակություններ ամեն տեղ պատահում են, — պատասխանեց մուդիրը հանդարտությամբ, — երկիրը առանց ավազակի չէ լինում։ Երկնքի մեջ էլ հայտնվեցան սատանաներ։ Արզրումի մեջ օր չէր անցնում, որ վալիի մոտ գանգատավորներ չգային։
Բեկը, խրախուսվելով մուդիրի շողոքորթություններից, ասաց․
— Հավատացեք, մուդիր, շեյխի գլուխը վկա լինի, որ ես այս կողմերը այնպես եմ պահում, որ երկնքի թռչունն էլ համարձակ չէ կարողանում «իմ հողի» վրայով անցկենալ։ Զարմանում եմ, ո՞ր սատանան պետք է կողոպտած լինի այդ խեղճերին։
Հայտնվեցան վիրավորված և արյունաշաղախ վաճառականները։ Նրանցից մեկը, որ փոքր ինչ առողջ էր, առաջացավ և խոսեց․
— Ձեր ոտքերի փոշին համբուրելու ենք եկել, բեկ, վերևում աստծուն ենք ճանաչում, ներքևում ձեզ, մարգարեի սիրո համար, օգնեցեք մեզ․ խեղճ վաճառականներ ենք․ մեր քարավանը կողոպտեցին, մեր ընկերներից շատերին սպանեցին, մնացածներին ձեր բարի աչքերի առջև տեսնում եք, վիրավորված են, շատ չեն ապրի։ Ամենը, ինչ որ ունեինք, տարան ոչինչ չթողեցին։
Վիրավորվածները, չկարողանալով իրանց ոտքի վրա պահել, նստեցին վրանի առջև, առողջները կանգնած մնացին։
— Ո՞րտեղ կողոպտեցին ձեզ, — հարցրեց բեկը։
— Այստեղ, այստեղից ոչ այնքան հեռու լեռների մեջ կողոպտեցին մեզ․ մեր քարավանը դուրս բերեցին ճանապարհից, քշեցին մի խուլ ձորի մեջ, այնտեղ մեր բոլորին կապկապեցին և ձգեցին մի փոսի մեջ, հետո սկսեցին հակերը ցրվել, ինչ որ լավ բան կար, բոլորը տարան։
— Օրվա ո՞ր ժամն էր։

119