Jump to content

Էջ:Խենթը.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իր հյուրին, նա խոստացավ, որ առավոտյան ճանապարհ կդնե մուդիրին, իսկ ինքը գնաց իր վրանը քնելու։
Բայց մուդիրը երկար անքուն մնաց և ինչ որ բանի վրա մտածում էր․․․

Ժ

Բեկի անձնական վրանը բաղկացած էր երկու մասներից, որոնցից մեկի մեջ զետեղված էր նրա կանանոցը, իսկ մյուս բաժինը նրա ընդունարանն էր։ Վրանի կազմվածքը պարզ էր, որպես առհասարակ լինում են խաշնարած քրդերի չադրները․ նա կարված էր ամբողջապես սև կապերտից, որ գործված էր նրա կնիկների և աղախինների ձեռքով։
Բեկը մտավ ընդունարանը և հրամայեց իր հետ եկող ծառային, որ վարագույրները ցած թողնե ու գնա։ Այստեղ մենակ նստած, կարծես, մեկին սպասում էր նա։ Վրանի առաստաղից քարշ ընկած լապտերը ծխրտում էր աղոտ լույսով։ Կանանոցի բաժնից ձայն չէր լսվում, երևի բոլորը քնած էին։
Հայտնվեցավ Կրպոն, այսինքն՝ նույն քուրդը, որին հանձնեց բեկը կողոպտված վաճառականներին հյուրասիրելու։
— Հանգի՞ստ են քո հյուրերը, — հարցրեց բեկը, մի խորհրդավոր ժպիտով նայելով ծառայի երեսին։
— Իմ բարի տիրոջ շնորհիվ հանգիստ են․․․ — պատասխանեց խորամանկ քուրդը, — կերան, խմեցին, օրհնեցին քո կյանքը և քնեցին․ գուցե երազի մեջ կտեսնեն, թե գտնելու են իրանց ապրանքները․․․
— «Դժոխքից մեռելը ետ չէ դառնում»․․․ — ասաց բեկը հեգնությամբ, — որտե՞ղ պահեցիք ապրանքները։
— Մեր գյուղում, կաղ Ալոյի տանը։
— Լա՞վ բաներ են։
— Աստված ոչ մի անգամ այսպիսի թալան չէ ձգել մեր ձեռքը, բեկ, ոսկի, արծաթ, աբրեշումի և շալի գործվածքներ, մի խոսքով, ինչ որ ուզես, կգտնես։
— Ձեզ չտեսա՞ն գյուղը մտնելու ժամանակը։

— Ո՞վ պիտի տեսներ, գյուղում մարդ չի մնացել, բոլորը

122