Jump to content

Էջ:Խենթը.djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ամենից բարձր էր։ «Չէ՛, չէ՛, այդ գեղեցիկ մանյակը պետք է զարդարե «նրա» սիրուն պարանոցը․ այդ թանկագին ապարանջանները «նրա» հիանալի բազուկներին միայն արժանի են․ և այդ մատանիների համար են ստեղծված «նրա» հրաշալի մատները», — ասում էր նա խորին զգացմունքով։
Վայրենի մարդը սիրո կախարդական ազդեցության ներքո փոխվել, ազնվացել և ավելի համակրելի էր դարձել։ Գազանները ավելի կատաղում են, երբ սկսում են սիրել, բայց մարդը քնքշանում է, և դրանով այժմ բեկը որոշվում էր գազաններից։
— Այդ զարդարանքները «նրա» համար, միայն «նրա» համար պետք է պահեմ․․․
Իր հափշտակության մեջ նա այն աստիճան մոռացել էր ինքն իրան, որ վերջին խոսքերը բոլորովին լսելի ձայնով արտասանեց, և բնավ չէր նկատում, որ մեկը կանանոցի վարագույրը բարձրացնելով, մոտեցավ նրան, արձանի պես լուռ կանգնած, հետազոտում էր նրա խորին հոգեզմայլությունները։ Դա նրա կինն էր, մանկահասակ Խուրշիդը, որ հայտնի էր ամբողջ ցեղի մեջ իր գեղեցկությունով։ Բայց մահը միայն կարող էր լինել այնքան գունաթափ այնքան զայրացած, որպես այդ նազելի կինն էր այն րոպեում։ Կարծես, մի չար հրեշտակի նման, կանգնած իր ամուսնի ետևում, պատրաստվում էր մարմնից դուրս քաշել իր տղամարդի հոգին, երբ նա ետ նայեց, տեսավ նրան և սարսափեցավ։
Մի քանի րոպե երկու ամուսինները լուռ նայում էին միմյանց վրա, որպես երկու մենամարտողներ, որ կշռում են, թե դեպի ո՛ր կողմը պետք է ուղղել հարվածը։
Բեկի առջև դեռ դրած էր արծաթի արկղիկը իր փայլուն իրեղեններով։ Կինը մի հարևանցի հայացք ձգեց նրանց վրա և անցավ, նստեց վրանի մի կողմում, բարձի վրա։ Այդ իրեղենները, որ ամեն կնոջ կարող էին խելքից հանել, մանավանդ քրդի կնոջը, որ ամեն պսպղուն բանով երեխայի նման հրապուրվում է, — այդ գոհարները այժմ երևում էին նրան որպես ապակիի կտորտանքներ, որոնց սուր ծայրերը նշտարի նման ծակում էին նրա սիրտը։
Բեկը նկատելով նրա վրդովմունքը, ասաց․
— Ինչո՞ւ ես բարկացած, քեզ համար էլ բաժին կհանեմ դրանցից։
— Ինձ համար մի պատան է հարկավոր, ուրիշ բան չեմ ուզում, — պատասխանեց կինը դողդոջուն ձայնով։

Լապտերի աղոտ լույսը ուղիղ թափվում էր նրա գունաթափ

125