Էջ:Խենթը.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երեսի վրա, որ իր խռովության մեջ ավելի գեղեցիկ էր, որպես զայրացած հրեշտակի դեմքը։
— Ի՞նչ է պատահել, Խուրշիդ, — հարցրեց բեկը մեղմ ձայնով։ — Չլինի՞ թե վատ երազներ ես տեսել։
— Ես երազներ չեմ տեսել, ես իմ աչքի առջև տեսնում եմ, թե ինչ է կատարվում․․․
Բեկը չէր կարող կասկածել, թե իր եղեռնական վարմունքը և իր ձեռքով կատարվող ավազակությունները և սարսափելի արյունահեղությունները կարող էին վրդովեցնել իր կնոջը։ Որովհետև նա գիտեր և համոզված էր, որ Խուրշիդը, որպես ամեն մի քրդի կին, նրան հանգստություն չէր տա, եթե իր ամուսին այրը կդադարեր ավազակություններ գործելուց։ Ուրեմն մի ուրիշ պատճառ պետք է լիներ, որ գրգռել էր նրա բարկությունը։
Խուրշիդը բեկի միակ կինն էր, թեև որպես մահմեդական, նրան արգելված չէր ունենալ մի քանի կնիկներ, բայց քրդերի սակավակնության սովորությունը մի կողմից, իսկ մյուս կողմից՝ կար մի այլ պատճառ, որ նա չկարողացավ երկրորդ-երրորդ կնիկներ ունենալ։ Խուրշիդը քրդերի շեյխի աղջիկն էր, մի հզոր մարդու, որի հոգևոր իշխանությունը տարածվում էր բոլոր ցեղերի վրա, — մի մարդու, որի մի խոսքը բավական էր ամենանշանավոր ցեղապետին իր պաշտոնից զրկելու։ Եվ բեկը իր բռնած դիրքով պարտական էր այդ մարդուն, որի միակ փեսան էր։ Ավելացնել շեյխի աղջկա վրա մի երկրորդ կին, դա կլիներ անպատվություն Խուրշիդի ազնվատոհմության դեմ։ Ահա այդ մտածությունները առաջ եկան բեկի մեջ, երբ նա տեսավ իր կնոջ տխուր-զայրացած դեմքը։
Բեկը այժմ բոլորովին գործնական և աշխարհային կետից էր նայում իր սիրտը լեցնող զգացմունքի վրա, բայց նրա հոգեբանական կողմը, կարծես թե, նա մոռացավ։ Նա այժմ անհնարին էր համարում իր կնոջ սերը փոխարինել մի ուրիշ սիրով, որովհետև նա շեյխի աղջիկն էր։ Բայց երբ նրա աչքերը կրկին հանդիպեցան իր առջև դրած փայլուն իրեղեններին — կրկին նրա երևակայության մեջ պատկերացավ այն նազելի արարածը, որի համար մի քանի րոպե առաջ պատրաստում էր այդ իրեղենները։
Նա հասկացավ կնոջ վրդովմունքի պատճառը։ Այժմ նրա սրտին տիրեց միևնույն վայրենի կատաղությունը, որ հատուկ է գազաններին, երբ նրանք սիրահարված են լինում։
— Խուրշիդ, — ասաց նա զգալի ձայնով, — ի՞նչ ես պահանջում ինձանից։

126