Էջ:Խենթը.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դրանց մոտ կանգնած էր մի ուրիշ հայ երիտասարդ, որ նույնպես նայում էր քաղաքում կատարվող բարբարոսությունների վրա։ Նրա աչքերում արտասուք չէր երևում։ Տխրության մի նշույլ անգամ չէր կարելի տեսնել նրա զայրացած դեմքի վրա։ Նրա սիրտը նույն րոպեում լցված էր մի դառն ատելությամբ՝ ոչ դեպի այն գազանները, որ այրում էին, որ մորթում էին, այլ դեպի այն վախկոտները, որ ոչխարի նման թույլ էին տալիս իրանց մորթել։
— Նայեցե՛ք, նայեցե՛ք,— ասաց նա,— այսքան բազմության մեջ մի մարդ էլ չեք տեսնի, որ ձեռք բարձրացներ իր սպանողի վրա․․․ էլ դրանից ավելի ինչ կարող է լինել, որ շարժեր մարդու կատաղությունը, որ բորբոքեր մարդու վրեժխնդրությունը։ Տունը աչքի առջև այրում են, զավակները կրակի մեջ խորովում են, կինը, աղջիկը քաշում տանում են․․․ Տղամարդը տեսնում է այդ բոլորը և ինքը ամենայն խոնարհությամբ պարանոցը դեմ է անում թշնամու սրին․․․ Տո, անիծյա՛լ, դու էլ մարդ ես, դու էլ սպանիր, հետո մեռիր․․․
— Վարդան, դու միշտ այսպես անգութ ես․․․— նկատեց նրան ընկերներից մեկը։
Վարդանը ոչինչ չպատասխանեց և հեռացավ։ Կարծես, նրան խիստ ծանր էր նայել այն տեսարանին, որի մեջ տեսնում էր հայի ամոթալի պատկերը․․․ «Այդ ազգը պատվով մեռնել չգիտե»․․․— մտածում էր նա։
Դրանցից փոքր ինչ հեռու, բերդի մի խուլ անկյունում, մի ուրիշ խումբ հայ կամավորների մեջ, անց էր կենում հետևյալ խոսակցությունը․
— Եթե Պետրոսն էլ ետ չդառնա, այս գիշեր հինգ հոգի կկորցնենք․․․
— Շատ ուշացավ, երևի, խեղճ տղան․․․
— Չէ՛, ականջ դրեք, այդ նրա սիգնալն է, լսում ե՞ք ագռավի կռնչյունը․․․
— Նա է, իջեցնենք թոկե սանդուղքը։
Սանդուղքը ցած թողեցին և քանի րոպեից հետո բերդի վերնապարսպի վրա հայտնվեցավ մի երիտասարդ, բեռնավորված մի ահագին տիկ ջրով։ Ընկերները օգնեցին ջրբերին, և նա վեր եկավ բերդի մեջ։ Բոլորը գրկեցին և նրա երեսը սփռեցին համբույրներով։ Մեկը զարհուրելով հոտ քաշեց և ասաց․
— Այդ ի՞նչու է երեսդ թաց, Պետրոս։

75