Էջ:Խենթը.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խաչոյի տան բակի դիրքը: Նրա ընդարձակության մեծ մասը ձածկված էր խիտ ծառերով և զանազան աեսակ թփերով։ Տունկեը այն աստիճան աճել էին, որ մի քանի քայլ հեռավորության վրա մարդուն անկարելի էր տեսնել։ Իր ապրանքները որտեղ պետք էր տեղավորելուց հետո, Վարդանը առանձնացավ պարտեզի մեջ: Այնտեղ, այն հովանավոր ծառերի ստվերի ներքո կամենում էր հանգստություն գտնել։ Նրա սիրտը սաստիկ տանջվում էր. նրա հոգին գտնվում էր մի քաղցր խռովության մեջ… Այսպիսի րոպեներում, ծառը, ծաղիկը, տերևների շշնջոցը խոսում են սիրահարվածին ավելի մխիթարական խոսքեր, ինչ որ չէր կարող ասել բանավոր մարդու լեզուն։ Նա պառկած փափուկ խոտերի վրա, սաղարթախիտ ոստերի միջից երկար անխորհուրդ կերպով նայում էր դեպի կապուտակ երկինքը, հետազոտում էր թե որպես սպիտակ ամպերի պատառները շտապով լողում էին օդի մեջ, միանում էին, կուտակվում էին միմյանց վրա, կազմում էին սև թուխպեր։ Դա մրրիկ էր գուշակում… Այսպես էր և Վարդանի սիրտը։ Նրա հոգում թաքնված, անորոշ, անկերպարանք կրքերր, կարծես մի անգամից միախառնվեցան և ձևակերպեցին այն սրբազան զգացմունքը, որ հոգեբանների լեզվով կոչվում է սեր…
Վարդանը վաղուց գիտեր, որ Ստեփանիկը աղջիկ է: Նրան հայտնի էին մինչև անգամ այն պատճառները, որ ստիպել էին նրա ծնողներին իրանց զավակին տղայի հագուստով և տղայի անունով մեծացնել։ Այդ իսկ հանգամանքները գրավեցան զգայուն երիտասարդի ուշադրությունը դեպի անբախտ աղջիկը, և այդ իսկ հանգամանքները լցրին նրա սիրտը մի հերոսական նախանձով, ազատելու նրան իր անբնական դրությունից։ Կարեկցության զգացմունքը տեղի տվեց սիրո զգացմունքին։ Բայց մինչև այն օր այդ զգացմունքը լուռ էր Վարդանի սրտի մեջ։ Մինչև այն օրը գոնե մի անգամ չէր ունեցել նրա հետ սիրային բացատրություններ, և ոչ որևիցե ցույցով ակնարկել էր նրան, թե իրան հայտնի էր նրա աղջիկ լինելը։ Թեև Ստեփանիկը խիստ մտերմաբար էր նրա հետ, թեև երբեմն բնությունը պահանջում էր իրանը և ծպտյալ օրիորդը, չնայելով իր բոլոր զգուշությանը, արտահայտում էր այն խորհրդավոր հատկանիշները, ինչ որ հատուկ են կնոջ, ինչ որ ծածկել չէ կարող հասակ առած աղջիկը…
Վարդանը երկար պառկած էր պարտեզի մեջ և անհանգստությամբ անդադար մի կողքից մյուսի վրա էր շուռ գալիս։ Հանկարծ նրա ականջին դիպավ խշխշոցի ձայն. ետ նայեց, տեսավ, որ

152