Ստեփանիկը գալիս էր իր մոտ։ Խեղճ երիտասարդի սիրտը սկսեց դողդողալ. երբեք այնպես չէր բաբախել այն երկաթե սիրտը… Ստեփանիկը մոտեցավ, և փոքր-ինչ երկչոտ կերպով մի քանի քայլ հեռավորության վրա կանգնելով, ասաց.
— Ճաշը պատրաստ է. հայրս կանչում է քեզ։
— Էֆենդին էլ այնտեղ է,— հարցրեց Վարդանը, պառկած տեղից վեր կենալով և նստելով մի թումբի վրա, որ շինած էր որպես հովանոց և շրջապատած էր կանաչ պատատուկներով: Ստեփանիկը մի արհամարհական խոժոռ գործելով իր սիրուն դեմքի վրա, պատասխանեց.
— Է՜հ, գրողը տանե նրան, այնտեղ է։
—Դու էլ չես սիրում էֆենդուն, Ստեփանիկ։
—Նրան ով է սիրում, որ ես սիրեմ։ Վարդանը մտածեց, որ ամենահարմար ժամանակ էր հանձնել Ստեփանիկին նրա համար բերած ընծան։ Եվ խնդրեց նրան, որ մի փոքր սպասե պարտեզում, մինչև ինքը կգնար և կբերեր։ Նա դիմեց դեպի սրահը, ուր բեռների մեջ դարսված էին նրա ապրանքները և մի քանի րոպեից հետո վերադարձավ, բերելով իր հետ մի կապոց։ Նա կրկին մտավ հովանոցի մեջ, հրավիրելով այնտեղ և Ստեփանիկին։
— Հայրս սպասում է քեզ,— ասաց Ստեփանիկը։
— Շատ չենք ուշանա, նստիր ինձ մոտ, Ստեփանիկ, դեռ ճաշի ժամանակ չէ։ Հիմա ես կտամ քեզ այն բանը, որ բերել եմ քեզ համար։ Ստեփանիկը ուրախացած նստեց նրա մոտ, իսկ Վարդանը սկսեց բաց անել կապոցը։ Նրա մեջ դրած էր մի փոքրիկ արկղիկ, շինված սև փայտից և զարդարած գեղեցիկ նկարներով։ Վարդանը հանեց իր գրպանից բանալին և բաց արեց արկղիկը։ Նրա մեջ դարսած էին զանազան կանացի գործիքներ մկրատ, մատնոց, ասղաման և այլն, բոլորը արծաթով շինած և սիրուն կերպով պատրաստած։ Մի կողմում ամրացրած էր փոքրիկ հայելի, իսկ արկղի հատակում կար նվագարան, որը երիտասարդի լարելով սկսեց ածել։ Ստեփանիկը հիացմունքով նայում էր այդ առարկայի վրա, և նա իր կյանքում առաջին անգամն էր տեսնում մի այդպիսի գեղեցիկ բան։
— Լա՞վն է,— հարցրեց Վարդանը, ուղիղ նրա երեսին նայելով,— ա՛ռ, քեզ եմ տալիս։ Ստեփանիկը, որ սկզբում այնքան ուրախացավ Վարդանի ընծայով,
153