Էջ:Խենթը.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հանկարծ տխրեց, կարծես մի բան մտաբերեց նա, կարծես նրան շատ դժվար լիներ այդ ընծայի ընդունելը: Նա հրաժարվեցավ և րոպեական շփոթությունից հետո պատասխանեց.

— Ես ի՜նչ կանեմ մկրատը, մատնոցը և ասղամանը… դրանք աղջկա բաներ են… ինձ համար մի ուրիշ բան պետք է բերեիր… ինձ համար տղայի բաներ պետք է բերեիր… ես աղջիկ չեմ: Այս խոսքերը արտասանեց նա մի այնպիսի դողդոջուն ձայնով, որ կարծես թե այրում էին նրա նուրբ վարդագույն շրթունքը։ Վարդանը չէր սպասում Ստեփանիկի կողմից մինչև այս աստիճան ծածկամտություն, նա բոլորովին շվարած մնաց, և չկարողանալով զսպել իր հոգեկան վրդովմունքը, ասաց.

— Դու էլ աղջիկ ես, Լալա…

— Ա՜խ, դու իմ անունն էլ իմանում ես… — գոչեց օրիորդը և ընկավ նրա կուրծքի վրա։ Երիտասարդը գրկեց նրան, որ ցած չընկնի։ Եվ Լալան իր սրտի սաստիկ խռովության մեջ, մի քանի անգամ մեղմ և արտասվախառն կերպով արտասանեց այդ խոսքերը. «Ես աղջիկ եմ… այո, աղջիկ եմ…»։ Այդ խոստովանությունը առաջին անգամ դուրս պրծավ նրա այնքան տարի փակված շրթունքներից մի օտար տղամարդի մոտ, որին սիրում էր և իր սերը մինչև այսօր հայտնել չէր համարձակվում… Բայց երիտասարդը և օրիորդը իրանց քաղցր հափշտակության մեջ ամենևին չէին նկատում, որ մի զռւյգ աչքեր ծառերի միջից նայում էին նրանց վրա և ուրախանում էին: Դա Սառան էր, որին կոչեց այստեղ նվագարան ի ձայնը։


— «Այժմ Լալան ազատված է…»,— ասաց նա իր մտքում և հեռացավ։

ԺԵ

Ծերունի Խաչոյի օդայի մեջ արդեն պատրաստ էր ճաշի սեղանը: Տնուտերը և Թոմաս էֆենդին սպասում էին Վարդանին: Այնտեղ նստած էին և կապալառուի երկու զափթիաները, որ կառավարությունից տրված էին նրան. — երկու անզգամներ, որ ծառայում էին էֆենդու ամեն տեսակ չարագործությունների մեջ:

154