Jump to content

Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

6. Գործարանը շուտ կատարեց իր տարեկան պլանը:

7. Վարդանն առաջադրանքը մասամբ կատարեց:

8. Նրանք քիչ վարձատրվեցին:

Բերված օրինակներում մակբայները կատարում են զանազան պարագաների գործառույթ՝ որպես բայ-ստորոգյալի լրացումներ:

Կարող է այն թյուր տպավորությունն ստեղծվել, թե մակբայները «այստեղ հատկանիշի հատկանիշ չեն ցույց տալիս»: Խնդիրն այն է, որ հատկանիշը լայն հասկացություն է. բայի արտահայտած գործողությունն անշու՛շտ հատկանիշ է, այսինքն՝ շարժումը (բայ-ստորոգյալ) առարկային բնորոշ հատկություն է, որն էլ հենց այդ առարկայի հատկանիշներից մեկն է: Ասում ենք «հատկանիշներից մեկը», որովհետև առարկան կարող է ունենալ տարբեր հատկանիշներ՝ կապված որոշակի առարկաների ներքին ու արտաքին, ֆիզիկական, քիմիական, բարոյական, քաղաքական, հոգեբանական և այլ հատկանիշների հետ, ինչպես՝ համեստ մարդ, կարճլիկ երեխա, պինդ մարմին, դառը հաբ, ազնվագույն աղջիկ, գիտակցական վերաբերմունք, գրգռիչ խոսք և այլն: Ի տարբերություն առարկաների այսպիսի հատկանիշների, մակբայը այդ առարկաների հատկանիշների հատկանիշը կարող է ցույց տալ, ինչպես՝ շատ զգայուն մարդ, հաճախակի կատարվող. ապակի, ֆիզիկապես առողջ մարդ, գործին բոլորովին անտեղյակ մարդ, վաղ առավոտյան ծագող արև, ուշ աշնանը վերադարձող թռչուն, շատ վաղուց ստացված ծանրոց, միանգամայն կարճ ժամանակով գործուղում և այլն: Պարզ է, որ նշված բառերի ցույց տված հատկանիշները տարբեր են գործողություն-եղելիություն ցույց տվող բառերի վրա դրվող միավորների արտահայտած հատկանիշներից: Ահա հենց սա էլ դառնում է մի նրբին հարցի համար «դիլեմա». դիցուք՝ միանգամայն առողջ մարդ, միանգամայն իրավացի պատասխան կաղապարներում առկա միանգամայն-ը, դըրվելով ածականի (առողջ) և մակբայի (իրավացի) վրա, նախադասության մեջ ինքնուրո՞ւյն անդամի պաշտոն ունի, թե՞ ոչ: Որ, իսկապես, միանգամայն-ը մի դեպքում ցույց է տալիս ածականի (առողջ) հատկանիշը՝ աստիճանը, մյուս կողմից՝ իրավացի մակբայի հատկանիշը (դարձյալ աստիճանը), ճշմարիտ է: Ճշմարիտ է նաև, որ փաստորեն ունենք ածական ու մակբայական բառակապակցություն՝ գերադաս ու ստորադաս բառերի հարաբերություն: