ձայնը, որ կգար սիրուն բերնե մը, որ լայն ժպիտով, խնդուն աչքերով ճաշի հրավեր կուտար։
Ի՜նչ քաղաքավար են ոչ միայն այս աղջիկը, այլ թուրքերը առհասարակ։
Բայց աղջկան կարմիր զգեստը ինչու հրդեհի պատկերներ պարզեց աչքիս։ Ոչ, մենք հայերս շատ դյուրազգաց դարձած ենք։ Ինչ որ կվերաբերի թուրքին, վատ կտեսնենք: Իրողությունը այդպես չէ սակայն։ Փա՞ստ կուզեք, ահա այս աղջիկը, որուն անուն անգամ չեմ գիտեր, բայց համակ քաղաքավարություն է ու քաղցրություն։ Ինք չէ՞ր, որ ժամ մը առաջ, երբ թռիչք կառնեինք Վանեն դեպի Տիարպեքիր ու Անգարա, երբ ըսինք թե Վանա կատու մը կտանինք Փարիզ, անմիջապես հարմար աման ու կաթ բերավ՝ մեկ աչքը կապայտ, մյուսը դեղին մեր կատվին, ու կենդանին կշտացավ լավ մը։
Այո՛, պետք է սիրել կենդանիները, գուրգուրալ անոնց վրա, ու թուրք աղջիկը կգուրգուրար։
Օրտուցի եմ։ էվերկեցի եմ: Սվազցի եմ։ Որտեղացի ըլլալս որ ասեմ՝ կհպարտանա պիտի ըսեք— այսի՞նքն— այսինքն կեսարացի եմ։ Հաճընցի եմ։ Հայրս տիգրանակերտցի եղած է։ Մալաթիացի եմ։ Հայրս Վան ծնած Է, ես՝ Քրասնոտոր, տղաս ծնավ Փարիզի մեջ։ Ես Վան ծնած եմ, այսինքն՝ Այգեստան։ Արտամետցի եմ։
Ես կրնայի շարքը երկարել։ Այս բոլորին հանդիպեցա ճամփորդությանս ընթացքին՝ Երևանեն մինչև Մոսկվա ու Փարիզ, Փարիզեն մինչև Ռուայյան, Ատլանտյանի ափը ու անկե մինչև Հռոմ, Իսթանպուլ և Վան։ Հանդիպեցա ծերերու և երիտասարդներու, օտար մարդերու որոնք կհետաքրքրվեին մեր անցյալով։ Չավուշ Թեփեի կատարին, ուր բերդ մը կար ուրարտական, կխոսեի անոնց հետ Վանա ծովուն մեջ լողալու ժամանակ, կխոսեի Փարիզի փողոցներուն մեջ, Իսթանպուլ իմ իջևանած հյուրանոցին մեջ։
Ամեն տեղ նույն պատկերը։
Այսինքն ո՞ր պատկերը։
Անոնք, հայերը, իմ արյունակիցները տեղ մը կապված են իրենց հողի գաղափարին, տեղ մը կտվայտին իրենց զավակը հայ մեծցնելու համար, Հայրենիքի գաղափարին, ուրիշ