առաջին անգամ— ՎԱՆ։ Այդ տառերը, սրբազան տառերը մեր երևակայության մեջ են․․․ առայժմ։
Լռուան, մեր ֆրանսացի բարեկամը, կարծես ընկալուչ մըն է մեր խոսք ու շարժումները ընդունող։ Գիտե մեր զգացումնեը։ Առաջին հանդիպում Վանի հետ։ Ուրեմն, շարժանկարի ու լուսանկարչական գործիքները կլծե գործի, հոգ չէ, ինք վերջ ալ կրնա նկարվիլ։ Մեզ կնկարե։ Ուր էր, թե կարենար մեր մտածումներն ալ նկարել, նկարեր ու փոխանցեր իր իսկ ժողովուրդին, եվրոպական ժողովուրդներու, որոնք մեզ խաբեցին, խաբեցին, խաբեցին... Թող նկարեր դառնությունը մեր հոգիներուն՝ հանդեպ այն Եվրոպային, հանդեպ թշվառական այն պետություններուն, որոնք սակարկեցին հայուն արյունը մեծադղորդ ժողովներու մեջ այն մայրաքաղաքներուն, որոնք կոչվեցան Լոնտոն, Փարիզ, Հռոմ, Ժնև...
Թող նկարեր մեր զգացումները այդ րոպեին, րոպե՝ երբ մեր ոտքը կդնեինք այն հողին վրա, զոր մեր ուրարտացի նախահայրերը կտակեցին մեզի, այն քաղաքին, որուն թուրքը կրցավ տիրանալ միայն տասնապատխկ ուժով, քաղաք, զոր չհանձնեցինք մեկ օրեն մյուսը, որուն համար կռվեցանք մեծով ու պզտիկով, զենքով ու բրիչով, բռունցքով, մատներով...
Այդ վերջին դասն էր մեր Հայոց պատմության։ Վերջին դաս մը մեզի՝ վերապրողներուս համար, որուն դասատուները՝ կռվող հայկական Վանը ամբողջ, պատգամեց մեր ժողովուրդին.
— Կապրի ան, որ կռվիլ գիտե։
Օդանավեն իջնող բազմաբղետ բազմությունը իր աճապարանքին մեջ ջրվիժեց ու կորսվեցավ շենքեն անդին։
Մենք մնացինք մեջտեղ։ Մեզ դիմավորող չկար։
Հայկական Վանը իր զավակները դիմավորող չուներ։
Մեզի կմոտենա միջին տարիքի մարդ մը.
— Թուրքերեն գիտցող կա՞ ձեր մեջ։
Այո։
— Ինչ լավ Է։ Կարծեմ դուք այն ֆրանսացիներն եք, որոնցմե երկու օր առաջ հեռագիր ստացանք մեր հյուրանոցին