Jump to content

Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թրքերենը․ պետական այս դպրոցներու ալիքը չէ հասած տակավին ամեն գյուղ, բայց շատ հեռավոր վայրեր օժտված են լատինատառ թուրքերեն սովորեցնող օքուլներով։

Կտեսնեք՝ «օքուլ» և ոչ թե «մետրեսե»։ Ժամանակին դպրոց բառին թուրքերը կօգտագործեին արաբական մետրեսե բառը․ բայց այսօր, երբ թուրքերեն լեզուն արաբերեն ու պարսկերեն բառերեն մաքրելու արշավ մը կա, «օքումաք» կարդալ բառեն «օքուլն» է առաջացած, որ կնշանակե դպրոց։

Թուրքիան ամեն ինչով դարձած է Արևմուտք։

Շուշանցի քուրտ լաճերը նախ շրջապատեցին մեզ բերող ինքնաշարժը, ապա՝ մեզ։

- Տղաք, ո՞վ է ձեր ղեկավարը։

- Ես,- պոռաց համարձակ լաճ մը։

- Եկուր տեսնեմ։

- Հրամմեր ես, պայ։

- Վերցուր սա հինգ լիրան, գնա շաքար գնե գյուղին խանութին, քեզի և ընկերներուդ համար։ Ձեզ կսպասեմ այստեղ։

- Աներևույթացան խումբով ու հայտնվեցան բոլորը մեկ, շաքար ծամելով։

- Ապրիս, Ահմետ, հիմա ըսե տեսնեմ, ձեր գյուղին մեջ գերեզմանոց կա՞։

- Կա, երկու հատ կա։

- Ինչպե՞ս թե երկու հատ։

- Մեկը մերն է, մեկը՝ կյավուրներուն։

- Որո՞նք են կյավուրները։

Հայերը։ Այստեղ հայեր ապրած են։ Անոնց գերեզմանը կա և եկեղեցին։ Եկեք ձեզի ցույց տանք։

Բարձունք տանող արահետեն կմիանանք խումբին, մեր գլխուն վերև փոշիի ամպ մը բարձրացնելեն։

Օգոստոսի արևը այնքան ազդու չէ այստեղ։ Կքալենք։ Լռուան իշուկ մը կտեսնե։ Անպայման կուզե նկարվիլ իշուկին հետ։ Այդ գործը այս անգամ ես կստանձնեմ։

Ահա քուրտ կինմը խնոցի կհարե․ կաթեն կարագ կպատրաստե։ Արևելքը նոր տեսնող Լռուան դարձյալ գործի վրա է։ Կնկարե։ Բայց այս անգամ արդեն քուրտ կնոջ ամուսինեն արտոնություն առնելե վերջ։