Կապույտ, կապույտ Վանա ծով, հայու ձեռքերուն կարոտ մնացած անջրդի դաշտեր, երազային, մանիշակագույն շղարշի մեջ կորսված Սիփան ու Նեմրութ, երբ ձեզ չէի տեսած, միտքիս մեջ արձանագրված էիք պատմության ու աշխարհագրության դասերով։ Ձեզ տեսնելես վերջ, աչքերուս մեջ եք, հոգիիս մեջ ու անցնող հինգ տարիները կհաստատեն, թե ձեզ մոռանալը անհնարին է, հիշողությամբ անգամ ամեն րոպե կարելի է հիանալ ձեր գույներուն ու բույրերուն։
Դարձյալ Գագիկյան Աղթամարն է աչքերուս առջև։ Դարձյալ Արտամետի խնձորներուն բույրն է ռունգերուս։ Դարձյալ Արտամետի գերեզմանատան ջախջախված տապանաքարերն են աչքերուս առջև, կիսափուլ մատուռն Է, զոր միայն քանդելով չէ, որ պղծած են պղծալի ձեռքեր, այլ անասելի և միայն իրենց վայել հայհոյանքներու տարափով, կավիճով արձանագրություններ կատարած անոր պատերուն վրա։
Մեկը կբարձրացնե ճարտարապետական անկորնչելի կոթող մը։ Ուրիշ մը հիշոցներ կարձանագրե նույն պատերուն վրա։
Դարձյալ Նարեկա վանքին կանգուն մնացած միակ պատն է աչքերուս առջև. Նարեկա գյուղին այգեստանները, պտղաստանները։ Նարեկացին արդյոք ա՞յս պատին տակ ունեցավ իր հանճարեղ զեղումները, պատկերներու, համեմատություններու իր անսպառ գանձերը, արդյոք ա՞յս պատին տակ հանձնեց ապագա դարերուն։