Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/1

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ

(1912-1917ԹԹ.)

N 1

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԲՅՈՒՐՈՅԻ ՆԱՄԱԿՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ԱԶԳԱՅԻՆ

ԺՈՂՈՎ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԵՎ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՏԻ ՌՈՒՍԱ-ՀԱՅԵՐԻ

ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԲՅՈՒՐՈ

ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

12 նոյեմբերի 1912թ.
Թիֆլիս

Վեհափառ Տեր,

Թիֆլիսում գումարված մի բազմամարդ ժողով, որին մասնակցում էին և մի քանի ներկայացուցիչներ Կովկասի և Անդրկովկասի հայաշատ քաղաքներից, ընտրեց մի ժամանակավոր բյուրո, ստորագրող անձանցից բաղկացած, պաշտոն տալով նրանց հրավիրել մի համագումար ազգային ժողով, իսկ մինչև այդ ժողովի գումարումը վարել ռուսահայոց օժանդակության գործը տաճկահայ դատին:

Այդ բյուրոն պատիվ ունի ուղարկելու Ձերդ վեհափառության մոտ իր անդամներից երկուսին պ.պ.Հ.Առաքելյանին և Ն.Աբեղյանին, որ մի քանի կարևոր խնդիրների մասին զեկուցում տան Ձերդ ս.օծության:

Համբյուրելով Ձերդ վեհափառության ս. աջը

Նախագահ Բյուրոյի Սամսոն Հարությունյան
Անդամներ Ալեքսանդր Խատիսյան
                     Հովհաննես Թումանյան
                     Կոստանտին Խատիսյան
                     Ալեքսանդր Քալանթարյան
                     Համբարձում Առաքելյան
                     Ավետիս Պողոսյան
                     Նիկոլ Աղբալյան

ՀԱԱ, Ֆ.57, ց.5, գ.28, թ.7: Բնագիր: Ձեռագիր:

N2

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՍՏԵՂԾՈՒՄՆ ԸՍՏ ԲՅՈՒՐՈՅԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Նոյեմբեր 1912թ.

1912թ. աշնանը բալքանյան պատերազմը սկսվելուց հետո թուրքահայ ժողովրդի վիճակը նորից և բուռն կերպով հայ հասարակության զանազան խավերի մտահոգության առարկա դարձավ: Մի կողմից հնարավոր ջարդերի սպառնալիքը և մյուս կողմից Թուրքիայի գործերը վերջնականապես կարգավորելու համար հրավիրվելիք միջազգային կոնֆերենցիայի վրա դրված հույսերը առիթ տվին հայ մտավորականության զգայուն մասին համախմբել իրենց ջանքերը ըստ կարելույն ավելի լավ կերպով օգտագործելու հարմարավոր պատմական մոմենտը,