Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/2

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նամանավանդ, որ, կողմնակի կերպով, հաստատապես հայտնի էր դարձել ռուս կառավարության շատ նպաստավոր տրամադրությունը դեպի թուրքահայերի դատը: Միաժամանակ Բագվում և Թիֆլիսում միտք ծագեց հրավիրել զանազան հայաբնակ վայրերի ներկայացուցիչներից մի համագումար խորհրդակցելու համար օրվա հրատապ խնդրի մասին:

Առաջին խորհրդակցական ժողովը տեղի ունեցավ Թիֆլիսում 1912թ. հոկտեմբերի վերջերին: ժողովին ներկա էին պատգամավորներ Բագվից, Երևանից, Ախալցխայից, Նոր-Նախիջևանից, Արմավիրից, Բաթումից և այլ տեղերից, իսկ Թիֆլիսից զանազան կուլտուրական հիմնարկությունների ներկայացուցիչներ: ժողովն ունեցավ երկու նիստ և որոշեց 1. հրավիրել մոտ ապագայում ավելի լայն կազմով մի նոր համագումար ըստ կարելույն բոլոր հայաբնակ կարևոր վայրերի ներկայացուցիչներից ընտրելու համար մի լիազոր մարմին հայկական հարցի շուրջ աշխատելու համար և 2. դիմել ամենայն Հայոց կաթողիկոսին և խնդրել, որ նա հանուն հայության մի դիմում անի նորին մեծության ռուսաց կայսեր օգնության հասնելու թուրքահայ ժողովրդին այս տագնապալից օրերում: ժողովը մշակեց այդ մտքով մի բանաձև և հատուկ պատգամավորության ձեռքով այն ներկայացրերց վեհափառ կաթողիկոսին:

Նույն ժողովում խնղիր եղավ նաև թուրքահայերի ինքնապաշտպանության մասին, բայց մեծամասնությունը որոշեց սահմանափակվել դիվանագիտական դիմումներով:

Ընտրվեց մի ժամանակավոր բյուրո, բաղկացած 7 հոգուց Ս. Հարությունյան, Ալ. Խատիսյան, Ա. Քալանթարյան, Հ. Առաքելյան, Ա.Պողոսյան, Հովհ. Թումանյան և Ն. Աղբալյան: Բյուրոն պիտի զբաղվեր ընթացիկ գործերվ և պատրաստություն տեսներ հրավիրելու Թիֆլիսում նոր, ավելի բազմամարդ համագումար:

Լեռ, Անցյալից... էջ 244-245:

N3

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ

ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՐՈՇՈՒՄԻՑ

25 նոյեմբերի 1912թ.

Ձերդ Սրբություն.

Թիֆլիսի հայ հասարակության պատկանող անձանց մի խումբ, որ բաղկացած է Թիֆլիսի հայ կրթական և հասարակական այլևայլ խավերի ներկայացուցիչներից, քննության առնելով թուրքահայերի դրությունը, որ անտանելի է դարձել նրանց կյանքի, պատվի և գույքի վրա գործադրվող անընդհատ բռնությունների հետևանքով, և չտեսնելով Թուրքաց կառավարության կողմից ձեռք առնված իրական միջոցներ և երաշխիքներ, որոնք ուղղված կլինեին այդ երևույթները վերցնելու գործի օգտին և անկարող լինելով այլևս լուռ և անկարեկից լսել իրենց եղբայրների վրա կատարված այդ գազանությունների մասին, դիմում է Ձերդ Սրբության, իբրև թե Ռուսաստանի և թե Թուքիայի հայ ժողովրդի, նույնպես և բոլոր հայերի հոգևոր գլխին, խոնարհաբար խնդրելով դիմում անել թագավոր կայսրին, միջնորդելով Թուրքիայի հայ ժողովրդի պաշտպանության մասին տանջանքներից և իրավազրկությունից: Մենք հաստատապես հավատում ենք, որ իբրև Արևելքի քրիստոնյաների մշտական պաշտպան, նույնպես և իբրև մի մեծ պետություն, որ Բեռլինի դաշնագրով իր վրա է վերցրել Թուրքիայի հայաբնակ վիլայեթներում անհրաժեշտ ռեֆորմներ մտցնելու հոգսը, ռուսական պետությունը առանց