Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արւսմը առաջարկում է սեկցիաների բաժանման մի այլ նախագիծ, որ էությամբ քիչ է տարբերվում Ս. Հարությունյանի առաջարկից:

ԲԺ. Իսախանյան - Ս.դ. ֆրակցիաները առանձին առաջարկ չեն դնում: Սակայն մյուս խնդիրների համար, որոնք չեն մտնում վերոհիշյալ առաջարկների մեջ, պետք է առանձին սեկցիա ընտրել, օրինակ' Ազգային բյուրոյի նյութական համարատվությունը:

Շահխաթունյանը գտնում է, որ передел-ը և ազգամիջյան հարաբերությունները չի կարելի միացնել:

Մուշեղյանը առաջարկում է սեկցիաների խնդրի որոշումը հանձնել Ավագների խորհրդին:

Արամ - Մենք դեմ չենք Ավագների խորհրդին:

Նախագահ - Մենք Ավագների խորհուրդ չունենք, բայց գուցե նախագահությունը կարողանա այդ բանն անել:

Խոնդկարյան - Ավագների խորհուրդը ֆրակցիաների միջից է ընտրվում: Պետք է հանձնել ամեն մի ֆրակցիայի' ընտրություն կատարելու:

Տարբեր ֆրակցիաների ներկայացուցիչների հայտարարություններից պարզվում է, որ ավագներ ընտրելու առաջարկը չի անցնում:

ԲԺ. Իսախանյան - Մենք առաջարկում ենք սեկցիաներ ընտրել: Ինչքան սեկցիա ուզում է լինի, բայց Ազգային բյուրոյի խնդիրը որևէ սեկցիայի մեջ պետք է մտցնել:

Նախագահ - Եղած վիճաբանությունները ցույց են տալիս, որ 5 սեկցիաների բաժանելու առաջարկներ կան: Կա մի այլ առաջարկ ևս, այն է՝ Ազգային բյուրոյի նյութական հաշվետվությունը հանձնվի մի հանձնախմբի: Մնացած խնդիրները քննել պլենար-հրապարակական ժողովում: Սույն առաջարկն ընդունվում է միաձայն:

Նախագահ - Այժմ անցնենք սեկցիաների ընտրության:

Արամը խոսում է սեկցիաների կազմի մասին: Չորս ֆրակցիա կա՝ Դաշնակցություն, էսեռներ, էսդեկ-հնչակյան և Հայ ժող. կուսակցություն: Սեկցիաների այն անդամները, որոնք ընտրվում են ֆրակցիաների կողմից, վճռական ձայն ունեն: Իսկ նրանք, որոնք կկամենան աշխատել սեկցիաներում, խորհրդակցական ձայն կունենան միայն:

Մ. Հարությունյան - Չի կարելի ղեկավարվել բոլոր հարցերի վերաբերմամբ այնպես, ինչպես արինք նախագահություն ընտրելու ժամանակ: Այստեղ հարկավոր լուսաբանություններ են պետք, լուրջ աշխատանք և վերաբերմունք կպահանջվի, ուստի առաջարկում եմ սեկցիաներ ընտրել այնպես, որ նրանց կազմը համապատասխան լինի ֆրակցիաների անդամների ներկա թվին, որոնք այժմ արձանագրված և գտնվում են նիստի դահլիճում:

ԲԺ. Իսախանյան - Խորհրդաժողովը բաժանվում է սեկցիաների: Սեկցիաների հարցը պետք է այսպես վճռել, ովքեր որ օգտակար կարող են լինել սեկցիաներում, մտնում Են նրանց մեջ և աշխատանք կկատարեն:

Արարատյան - Եթե ցանկություն հայտնողներ լինեն այս կամ այն սեկցիայի մեջ մտնելու, դեմ չենք լինի դրան: Սակայն ձևով դուրս կգա, որ մի սեկցիայի մեջ մարդ չի մտնի, իսկ մյուսները կլցվեն:

Նախագահը քվեարկում է բժ. Իսախանյանի առաջարկը, որ չի անցնում:

Վ. Փափազյանը հայտնում է, թե կան տաճկահայեր, որոնք ոչ մի կուսակցության մեջ չեն մտնում: Այնպես պետք է անել, որ դրանք էլ, մանավանդ գաղթականական խնդիրների քննության ժամանակ, սեկցիաների մեջ մտնել կարողանան:

ԲԺ. Օհանջանյան - Ով եղած խնդիրների մասին տեղեկություններ ունի թող մասնակցի, մենք կընդունենք: Պետք է այնպես անել, սակայն որ սեկցիայի անդամները նրանց հրավիրեն: