Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կատարելու այս Համախորհրդի որոշումները և ժամանակավորապես կարգավորելու մեր ընթացիկ կարևոր խնդիրները մինչև ազգային օրինական ժողովի հրավիրելը:

Ամենայն Հայոց Վեհափառ կաթողիկոսի ներկայացուցիչներս, քանի որ չէինք մասնակցում պրեզիդիումիս և Ավագների խորհրդին, Հայ ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ պ. Միքայել Պապաջանյանի միջոցով հայտնեցինք պրեզիդիումիս, որ պետք է ունենալ գործադիր մարմնի մեջ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից մի ներկայացուցիչ: Պ.Միքայել Պապաջանյանը հայտնեց, որ այս պահանջը նույնիսկ քննության չի առնվել, այլ ուղղակի մերժվել է:

Ի նկատի ունենալով, որ Համախորհուրդն իրավատեր էր միայն համազգային կյանքի գործոն ուժերի մեջ հառաջ բերելու համերաշխ համագործակցություն ազգային գործունեության ասպարեզում և որ Հայոց ժողովրդական եկեղեցին յուր համազգային ժողովով ընտրված Վեհափառ կաթողիկոսով ունեցել է և ունի այդ գործոն դերը, մենք Ամենայն Հայոց կաթողիկոսի ներկայացուցիչներս, գտնում ենք, որ ներկա վերին աստիճանի ծանր ու պատասխանատու մոմենտում Ազգային համախորհուրդն իրավատեր չէ այդպես վարվելու, որի դեմ ցավելով բողոքում ենք:

Մեսրոպ եպիսկոպոս
Բագրատ եպիսկոպոս

Գ.17, թ.59 և հակ.:

N 61

Տ. Դևոյանի երկտողը համախորհրդակցության նիստի նախագահին

ելույթ ունենալու ցանկության մասին

[Հոկտեմբեր] 1917թ.

Պ.Նախագահ Որովհետև Վանի ընդհանուր նահանջի մասին պ.Անդրանիկի կողմից հայտարարություն եղավ, իբրև թե ես սխալ տեղեկություն եմ տվել թշնամու ուժերի մասին (2-րդ դիվիզիա) և հետևաբար նահանջի պատճառը ես եմ եղել, կխնդրեի կրկին բարեհաճեիք ժողովի համաձայնությամբ թույլ տայիք ինծ որպես բացառություն տայի իմ բացատրությունները այդ ընդհանուր նահանջի մասին:

Տ. Դևոյան

Նույն գործը, թ.68:

N 62

Հայ ժողովրդական կուսակցության և Ազգային համախորհրդակցության մասնակից

անկուսակցական պատգամավորների հայտարարությունը

[Հոկտեմբեր] 1917թ.
Տփխիս

Հայ ժողովուրդը համաշխարհային պատերազմի ու ռուս հեղափոխության հետևանքով ապրում է պատմական այնպիսի մի մոմենտ, երբ վտանգ է Ապառնում ոչ միայն նրա ազգային-կուլտուրական զարգացման, այլ անգամ նրա գոյության: Հայ կյանքի այսպիսի օրհասական պայմաններում, ամեն մի հայի ու յուրաքանչյուր կուսակցության սրբազան պարտականությունն էր լինելու, զգալով քաղաքական