Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պետք է ասել, որ գավառական պատգամավորների մեծ մասն արդեն մեկնել էր և ժողովին մասնակցում էին գլխավորապես Թիֆլիսի պատգամավորները: Երբեմն, նիստի բացման ժամանակ, նույնիսկ հարկավոր կվորումը չկար:»

Մենք չենք տա բոլոր ճառախոսների և քննադատների ճառերի բովանդակությունը, քանի որ արծարծվեցին և այնպիսի կետեր ու հարցեր, որոնց հրապարակ հանելը դեռ վաղաժամ է և որոնց լուսաբանությունը վերապահված է ապագա անաչառ պատմության:

Հայ հասարակությանը շատ լավ հայտնի է այն բանակռվից և քննադատությունից, որ մի քանի տարիներ «Մշակը» մղեց «Ազգային» բյուրոյի կողմնապահ, վնասակար ու ազգակործան գործունեության դեմ, այդ խնդրի էությանը: «Ազգային» բյուրոն, ինչպես գիտեք, լոկ մի դաշնակցական բյուրո էր, բայց դիմակավորված, և նա իսկապես վարում և գործադրում էր Դաշնակցության քաղաքականությունը և գիծը, բայց ազգային դիմակի ներքո, շնորհիվ այն հանգամանքի, որ հրավիրել էր գործակցության այնպիսի մարդկանց, որոնք ըստ ամենայնի համակերպվում էին նրա քաղաքականության, և մի քանի դիմազուրկ բուրժուաների, որոնք իրանց համար մեծ պատիվ էին համարում վայելել Դաշնակցության հովանին և հետևաբար անմռունչ հպատակվում էին նրա բոլոր կարգադրություններին: Իսկ եթե Բյուրոյի մեջ լինում էին այնպիսի անդամներ, որոնք անհատականություն կամ ընդդիմադրական ձգտումներ էին ցույց տալիս, դրանք շուտով ստիպված էին լինում հեռանալ անզոր լինելով ստեղծված պայմաններում փոփոխել իրերի դրությունը և չկամենալով մասնակից լինել ապագա պատասխանատվության: Մյուս կողմից, Բյուրոն իր պատվավոր նախագահ Մեսրոպ եպիսկոպոսի հետ միասին ամեն ջանք գործ էր դնում, որ Բյուրոյի կազմի մեջ չմտնեն ընդդիմադիրներ: Բացի դրանից գործի ամբողջ կազմակերպչական և կարգադրիչ մասը բացառապես գտնվում էր դաշնակցականների ձեռքում, և Բյուրոյի մնացած անդամները, ինչպես իր ժամանակին ասել էր նրա հեռացող անդամներից մինը, լոկ մանեկենների դեր էին կատարում:

Հայտնի է և այն հանգամանքը, որ ունեցավ «Ազգային» բյուրոյի քաղաքական գործունեությունը, և այսօր հայ ժողովուրդը ժխտեց ճանաչել նրան հայ ժողովրդի կամքի ներկայացուցիչ. և նա, հետզհետե կորցնելով իր ժողովրդականությունը, հյուծվեց և վերջերս միանգամայն կազմալուծվեց:

Բյուրոյի գործունեության գլխավոր մասը կամավորական շարժման կազմակերպությունը և վարումն էր: Այդ շարժման սխալ և թյուր ուղղություն տալու հետևանքով հայ ժողովուրդը, շատերի կարծիքով, ենթարկվեց բնաջնջման Թուրքիայում: Եվ կամավորական շարժումը, ահագին զոհերը, որ տվեց հայ ժողովուրդը, մարտիկների հերոսական մահը և թափած արյունը ոչ միայն չավին Հայաստանին ինքնավարություն, այլ այդ ինքնավար Հայաստանի փոխարեն ստացանք մոխրակույտերի վերածված և հայերից թափուր Հայաստան: Բացի դրանից, պարզվեց, որ Մեսրոպ եպիսկոպոսը և այլք, վարելով Բյուրոյի կողմից բանակցություններ և հարաբերություններ ռուսական կառավարության հետ, հին րեժիմի հետ, ի դեմս Վորոնցով-Դաշկովի, ընկել են ծուղակի մեջ, չարաչար խաբվելով սին ու անորոշ խոստումներով:

Հայ ժողովրդի համար ունեցած բոլոր աղետալի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը, բնականաբար, ծանրանում է Դաշնակցության վրա, որը, ինչպես առաջ, այժմ ևս ամեն ճիգ էր թափում իր ճառախոսների բերանով ապացուցել, թե աղետի պատճառը ոչ թե Բյուրոյի բռնած չարաբաստիկ քաղաքականությունն էր և կամավորական շարժման ձևը, այլ այն հանգամանքը, որ թուրք կս/ռավարությունը վաղուց որոշել էր ջնջել հայ ժողովուրդը և նրա վերացմամբ վերացնել և հայկական հարցը, ուստի և լիներ կամավորական շարժում թե ոչ, այդ ծրագիրը նա իրագործելու էր: