Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

N 4

ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ

ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿԱԳԻՐԸ

15 մարտի 1919թ.
Երևան

Արևմտահայ երկրորդ Համագումարի առաջին պաշտոնական նիստը տեղի ունեցավ Երևանի մեջ 1919 թ. փետրվարի 6-ին, Արարատյան Հանրապետության Խորհրդարանի դահլիճի մեջ:

Արևմտահայ Համագումարի անհրաժեշտությունը հրամայական էր դարձել գերմանո-թուրքական բանակների ընդհանուր նահանջից հետո և առավելապես փախստական հայության կատարելապես անկազմակերպ վիճակի պատճառով քաղաքական կոշմարի վերացումը կբացեր նոր հորիզոններ ամբողջ հայության առջև ընդհանրապես և արևմտահայության առջև մասնավորապես:

Դրան կզուգադիպեր փախստականության անկազմակերպությունը, որի շնորհիվոսնկարելի կլիներ որևէ ձևով շարունակել ընդհատված աշխատանքները և վայրկանին համապատասխան դիրք բռնել մեր հին և նոր դատին պաշտպանության ի խնդիր: Ահա այս ընդհանուր վիճակի մեջ տեղի ունեցան մի շարք խորհրդածություններ, որոնցից հետո հաջողվեց 1918 թ. դեկտ. 19-ին ընտրել համագումար հրավիրող կազմակերպիչ մի կոմիտե , որի վրա պարտականություն դրվեց ամենակարճ ժամանակում հրավիրել Արևմտյան Հայաստանի փախստական հայության Երկրորդ համագումարը:

Համագումարի օրակարգը ամփոփվում էր հետևյալ երեք կետերով.

1/ Արևմտյան Հայաստանի գաղթական հայության քաղաքական հպատակների ձևակերպումն և արտահայտությունը:

2/ Արևմտյան Հայաստանի գաղթական հայության ներգաղթի խնդիրը և կազմակերպությունը:

3/ Արևմտյան Հայաստանի գաղթական հայության ներկայացուցչական և հաշվեհարդար կոմիտեի ընտրությունը:

Համագումարը պետք է լիներ ժողովրդական ներկայացուցչություն, այդ իսկ պատճառով կազմակերպիչ կոմիտեն որոշած էր անել ռամկավար ընտրություն երկաստիճան ձևով: Համագումարին հրավիրված էին Ամենայն Հայոց Վեհափառ Կաթողիկոսը, գեներալ Անդրանիկը, Արևելյան Հայաստանի հասարակական ու պետական հաստատությունների ներկայացուցիչները, նաև դաշնակից պետությունների Թիֆլիսի ներկայացուցիչները:

Համագումարն օրակարգը, ընտրական ձևը և հրավիրված հաստատությունները անհրաժեշտորեն համագումարը դարձնելու էին քաղաքական հաստատություն, որ առանց անտես առնելու փախստականության ճգնաժամային վիճակը, ամենից ավելի և ամենից առաջ պետք է զբաղվեր Արևմտյան Հայաստանի փախստական հայության քաղաքական նպատակների և ձևակերպման խնդրով:

Կազմակերպիչ կոմիտեն մեծ ջանքեր էր թափել համագումարին հրավիրելու նաև նախկին Արևմտահայ և Ապահովության Խորհուրդները, թե մասնավոր նամակներով և սուրհանդակով և թե Թիֆլիսի և Երևանի թերթերոին ուղղած բաց նամակներով:

Կազմ, կոմիտեի դիմումի վրա Արարատյան Հանրապետության Խորհրդարանը միաձայնությամբ քվեարկել էր 35.000 ռուբլիի վարկ համագումարի ծախսերի համար: