Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուշադրության չի թողնի Ձերդ Սրբության և ի դեմս Ձեր հոտի նրա հավատարիմ որդիների խնդիրքները, և իր ուժեղ հովանավորությամբ և միջամտությամբ վերջ կդնե մեր եղբայրակիցների տանջանքներին, նորից ամբողջ աշխարհի առաջ կհայտնագործե իր բարձր պատմական առաքելությունը Մերձավոր Արևելքում:

Նոյեմբերի 25-ին Թիֆլիսում կայացավ երկրորդ համագումար-ժողովը, որին ներկա էին պատգամավորներ Թիֆլիսից, Բագվից, Նոր-Բայազետից, Բաթումից, Հաշտարխանից, Հին Նախիջևանից, Շուշուց, Թիֆլիսի հայ կաթոլիկ համայնքից, նաև «Մշակի» և «Հորիզոն» խմբագրություններից: ժամանակավոր բյուրոյի զեկուցումից հետո քննության դրվեցին միևնույն երկու խնդիրները, այն է դիվանագիտական միջնորդություն և ինքնապաշտպանություն: Հարցերի քննությունից հետո ժողովը հրահանգներ մշակեց ընտրվելիք բյուրոյի համար, հանձնարարել նրան 1. Օժանդակել Նորին Վեհափառություն կաթողիկոսին իր գործունեության մեջ հայկական հարցի վերաբերմամբ, 2. Կապեր հաստատել Պոլսի, Փարիզի և ուրիշ վայրերի հայ մարմինների հետ, որոնք նպատակ ունեն աշխատելու հայոց հարցի համար 3. Պրոպագանդի միջոցով նպաստավոր տրամադրություն ստեղծել ռուս հասարակության և վարիչ շրջանների մեջ դեպի հայոց հարցը: Գալով ինքնապաշտպանության խնդրին, ժողովը միաձայն ընդունեց նրա կարևորությունը և անհրաժեշտությունը, բայց պարտավորիչ որոշումներ չկայացրեց բյուրոյի համար խնդրի վերաբերմամբ, միևնույն ժամանակ համագումարը հանձն առավ կարիքի դեպքում նյութական օժանդակություն հասցնել բյուրյին:

Դիմելով ընտրություններին, ժողովը վերընտրեց ժամանակավոր բյուրոյի եղած կազմը, երկու նոր անդամ ևս ավելացնելով նրանց բժիշկ Կ.Ստեփանյանին և Ա.Ջամալյանին: Լեռ, Անցյալից... էջ 246-248:

N4

ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԶԵԿՈՒՅՑԸ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

ՏԱՃԿԱՀԱՅԵՐԻ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՐՑՈՎ ՄԵՇ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

27 նոյեմբերի 1912թ.

Վեհափառ Տեր,

Թիֆլիսում, ամսիս 23-ին կայացած գլխավոր հայաբնակ քաղաքների ներկայացուցիչների ժողովը հավանություն տալով Բյուրոյի կազմած այն հիշատակագրի ծրագրին, որը պետք է ներկայացվի Ձերդ վեհափառության կողմից եվրոպական մեծ պետություններին, և վերջնականապես մշակելով այդ ծրագիրը, հանձնեց Բյուրոյին անմիջապես ներկայացնելու Ձերդ վեհափառությանը:

Միաժամանակ Բյուրոն ներկայացնում է և սևագրությունը այն հուշագրի, որ Բյուրոյիս խնդիրքով կազմել է Հայկական հարցի պաետմությանը ծանոթ մի անձնավորություն և որը մշակել է, ենթարկելով մի քանի հավելումների և փոփոխությունների:

Բյուրոն պատիվ ունի ամենախոնարհաբար զեկուցել Ձերդ վեհափառությանը, որ այս հուշագիրը պետք է ներկայացվի բոլոր մեծ պետություններին, իսկ Ռուսաստանին ներկայացվելիք հուշագրի սկիզբն ու վերջը պատշաճ փոփոխության պետք է ենթարկվեն, էականը թողնելով նույնը: Նույն հուշագիրը դարձյալ պատշաճ փոփոխություններով պետք է ներկայացվի գումարվելիք կոնֆերանսին կամ կոնգրեսին: