Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Իմ գրավոր միջնորդության համաձայն Կովկասյան զորաբանակի Դ-րդ կորպուսի հրամանատարը բարեհաճեց հաստատել Իգդիրում կազմակերպելու և գործելու գաղթականների վերադարձին նպաստող մի հանձնաժողով, որի մեջ մտնում են նույն կորպուսի շտաբի ներկայացուցիչը, գավառական բժիշկը, հողատեր-գյուղատնտես Վարդգես Քազանունին և տեր Ստեփան ք[ահանա] Տեր-Թովմասյանը: Հիշյալ հանձնաժողովը պատրաստ է կատարել գաղթականների վերադարձին, երկրում հաստատվելու ու տնտեսությունը վերականգնելուն վերաբերյալ գործառնություններ»:

Հանձնաժողովի հասցեն է Игдир, Сааку Матиняну.

Փոխնախագահ Հ.Խունունց

ՀԱԱ, Ֆ.28, ց.1, գ.116, թ.76: Բնագիր: Ձեռագիր:

N 81

ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՇԱԳԱՇ ՆԵՐՀԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ

ԴՐԱՆՑ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԵՀԱՓԱՌԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1 ապրիլի 1915թ.
Թիֆլիս

Վեհափառ Տե՛ր,

Ազգային Բյուրոն ստացավ Ձերղ վեհափառության դիվանի միջոցով Ռումանիո Կոստանցա քաղաքի թաղական խորհրդի գրությունը իրենց շրջանի կուսակցական գժտությանց մասին: Նման գանգատներ թե բերանացի և թե գրավոր ստացած է նաև Ազգային բյուրոն, որոնցից երևում է, որ այդ ներհակությունը նկատվում է ոչ միայն Ռումանիա, այլև ուրիշ վայրերում Եգիպտոս և հատկապես Ամերիկա: Ամերիկայում ծագած տարաձայնության մասին Ազգային բյուրոն ևս մի գրությամբ դիմել էր Ձերդ Վեհափառության Ձեր բարձր աջակցությունը խնդրել այս աղետավոր ընթացքին վերջ տալու համար:

Ազգային բյուրոն, սկսած [1914թ.] դեկտեմբերի սկզբներից, մի քանի անգամ հայտնել էր Ռումանիա, որ կամավորներ չուղարկեն, քանի որ կարիք չկա. մեր դիմումները մնացին անհետևանք: Դիմեց թեմի սրբազան առաջնորդը, նույնպես ապարդյուն: Հատուկ գրությամբ մարդ ուղարկվեց Ռումանիա. անհետևանք մնաց այդ քայլն ևս: Մեր ստացած տեղեկությամբ այդ ներհակ հետևանք է ոմանց այն համոզման, որ Ազգային բյուրոն հանդիսանում է մի մասնավոր խմբակի և ոչ համազգային հիմնարկություն:

Նկատելով, որ ներկայումս ավելի քան երբևիցե անհրաժեշտ է, որ բովանդակ ազգը գործի միաբան և միասիրտ, որ վերանան ամեն պառակտում և ներհակություն ազգի միջից, Ազգային բյուրոն ուրիշ ավելի ազդու հնար չի գտնում այս ձախորդ վիճակի վերացման համար, քան Ձեր Վեհափառության հեղինակավոր խոսքը: Եթե Դուք հորդոր կարդաք ի սփյուռս աշխարհի հայության գալ համերաշխության, ճանաչել մի ղեկավար մարմին, նպաստները մի տեղ կենտրոնացնել և գործել միասնաբար ու համերաշխ - Ձեր հայրական խրատն ու հորդորը կանե իր բարերար ազդեցությունը, կմբերանե չարախոսներին, կսանձե զարտուղի ընթերցողներին և կզսպե բաժան գործելու հակումը: