Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ուստի Բյուրոն խոնարհաբար խնդրում է Ձերդ վեհափառության, ի շահ ընդհանուր գործի վերոհիշյալ իմաստով հորդոր կարդալ հայության գործելու համերաշխ և միասնաբար, հօգուտ և ի փրկություն տառապյալ հայ ժողովրդի:

Ձերդ վեհափառության
խոնարհ որդիք
Փոխնախագահ Ազգային բյուրոյի Հովսեփ Խունունց
Ի տեղի քարտուղարի Ա.Պապովյան

ՀԱԱ, Ֆ.57, ց.1, գ.28, թթ.152-153: Բնագիր: Ձեռագիր:

N 82

ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

ԱՐԵՎՄՏԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻ ԱՌԱՋՆ ԱՌՆԵԼՈՒ ԲՅՈՒՐՈՅԻ

ՁԵՌՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

4 ապրիլի 1915թ.
Թիֆլիս

Վեհափառ Տե՛ր,

Երեկ Տփխիսում ստացված հետևյալ հեռագիրը Սոֆիայից (Բուլղարիա).

«Սիստեմատիկ կոտորածներ էրզրում, Դերջան, Զեյթուն ու շրջականներ: Արյունահեղ ընդհարումներ Բաղեշ, Վան, Մուշ: Ապստամբություն Կիլիկիա: Բռնություններ, թալան, սպանություններ Ակն ու Փոքր Հայք: Տնեսական ավերում ամբողջ ազգաբնակության: «Ազատամարտը» դադարեցված, խմբագիրներից մեկը աքսորված Անգորա: Բողոքեցեք չեզոք պետությունների առաջ ընդհանուր կոտորածն արգելելու համար»:

Հեռագիրը, ձեռքից-ձեռք անցնելով, բուռն հուզում առաջ բերեց հասարակության մեջ և Ազգային բյուրոն պարտք համարեց անմիջապես դիմել Կովկասի փոխարքային երկու նպատակով, ա) տեղեկանալ, թե ո՞ր աստիճան ստույգ է հեռագրի հաղորդումը և բ) իմանալու, թե ի՞նչ օրինական միջոցների կարելի է դիմել կոտորածի առաջն առնելու համար: Պարզվեց, որ հեռագրի հաղորդած սոսկալի լուրը, դժբախտաբար, միանգամայն ճիշտ է: Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, կոմս փոխարքայի կարծիքն այն է, որ Դուք Վեհափառ Տեր, իբրև միակ ներկայացուցիչ ու հոգատար ամբողջ հայ ազգի, հաճեք արտաքին գործոց նախարար պ Սազոնովի միջոցով դիմում անել Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ պ.Վիլսոնին և Ն.Մ.[1] Իտալիայի Վիկտոր-էմանուել թագավորին, որպեսզի նրանք և իրենց կառավարությունները, հանուն մարդկության և քրիստոնեության, անհապաղ և կտրուկ ճնշում գործ դնեն Պոլսում արդեն սկսված Մեծ աղետին վերջ դնելու և գալոք, թերևս ավելի մեծ աղետների առաջն առնելու համար:

Ապա կոմս փոխարքան հայտնեց, որ ինքը հեռագրով տեղեկացրել է արդեն պ Սազոնովին Թուրքահայաստանում կատարվող անցքերի մասին և ավելացրեց, որ եթե Դուք, Վեհափառ Տեր, պատշաճ համարեք անել վերոհիշյալ դիմումը, փոխարքան իր կողմից կմիջնորդե, որ Ձեր դիմումին անարգել ու բարեհաջող ընթացք տրվի:

Զեկուցանելով Ձերդ վեհափառությանը այս ամենը, Ազգային բյուրոն հուսով է, որ Ձեր հեղինակավոր ձայնը անլսելի չի մնա և որ երկու Մեծ պետությունների

  1. Նորին մեծություն: