Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

N 114

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՆԱՄԱԿԸ «հՈՐԻՁՈՆ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ «ՄԻ

ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԿՈՂՄԻՑ» ՎԵՐՆԱԳՐՈՎ

21 սեպտեմբերի 1916թ.
Թիֆլիս

«Մշակ»-ի հմ. 205-ի մեջ մի պարոն Աստվածատուր ստորագրությամբ գրում է, թե իբր- Ազգային բյուրոն Ամերիկա վերադարձող կամավորներին տալիս է ճանապարհածախք մինչև այնտեղ միայն 130ռ. և այն էլ փոխարինաբար, պարտավորացնելով նրանց վերադարձնել այդ դրամը Ամերիկայի Հ. Յ. Դաշնակցության Կենտրոնական կոմիտեն: Պարտք եմ համարում Ազգային բյուրոյի կողմից հայտնել, որ այդ տեղեկությունը միանգամայն չէ համապատասխանում իրականությանը:

Նախ 130ո. տրվում է յուրւսքանչուրին իբրև ճանապարհածախք ոչ թե մինչև Ամերիկա, այլ միայն մինչև Շվեդիա-Նորվեգիա: Պետք է ասել, որ սկզբներում, երբ նրանք ուղևորվում էին Արխանգելսկի վրայով, ճանապարհածախք տրվում էր մոտ 200ռ. ուղղակի մինչև Ամերիկա, բայց երբ անցյալ ապրիլ ամսից այդ գիծը փակվեց ճանապարհորդների համար, մնում էր վերադառնալ ՊԵտրոգրադ-Շվեդիայի ճանապարհով կամ Վլադիվաստոկով և Երկու դեպքերում էլ հարկավոր էր տալ առնվազն 300ռ. յուրաքանչյուրին: Աչքի առաջ ունենալով վերադարձողների խոշոր թիվը. Բյուրոն հնարավորություն չուներ այդքան գումար տրամադրել, ուստի հենց իրենց կամավորների հետ խորհրդակցելով նա գտավ հետևյալ ելքը: Քանի որ վերադարձողների ահագին մեծամասնությունը, որ իրենք դրամ ունեին Ամերիկայում, միայն չեն կարողանում այնտեղից ստանալ, չնայած իրենց տված հեռագրերին, բյուրոն որոշեց տալ նրանց ճանապարհածախք միայն մինչև Շվեդիա-Նորվեգիա, որտեղից արդեն նրանք հնարավորություն ունեն 2-3 օրվա ընթացքում Ամերիկայից հեռագրով դրամ պահանջել և ապա շարունակել ճանապարհը.

Դրամը փոխարինաբար տալու միտքն էլ Ազգային բյուրոյին տվել են իրենք կամավորները, որոնք հայտնեւ են, որ իրենք չեն ուզում ծանրաբեռնել ազգային սնդուկը և խնդրում են համարել ստացված դրամը իբրև պարտք, որը նրանք կվերադարձնեն Ամերիկա հասնելուն պես: Եվ քանի որ Ազգային բյուրոյի կազմած խմբերի մեջ մտած Ամերիկայի կամավորները բոլորն էլ հավաքված և ուղարկված են Կովկաս Բոստոնի Կենտրոնական կոմիտեի միջոցով, որը ունի նրանց բոլորի ցուցակը, այդ պատճառով հենց իրենց ցանկությամբ նրանց պարտքը վերադարձնելու համար հարմարություն տալու նպատակով Ազգային բյուրոն նրանց առաջարկում է վերադարձնել այդ պարտքը Բոստոնի Կենտրոնական կոմիտեի միջոցով Ազգային բյուրոյին: Ուրեմն, դրամը պետք է վերադարձնեն Ազգային բյուրոյին և ոչ թե Բոստոնի Կենտրոնական կոմիտեին, որը միայն դրամ ստանալու է ըստ պատկանելույն հասցնելու համար:

Դրա մի ապացույցն էլ հենց այն է, որ 6-րդ գնդի Ամերիկայի կամավորները, որոնք եկած են Կովկաս ուրիշ մարմինների միջոցով, տալիս են ստորագրություն այն մտքով, որ վերցրած դրամը նրանք վերադարձնելու են Ազգային բյուրոյին, իսկ թե ինչ մարմնի միջոցով, թե ուղղակի դա թողնվում է իրենց կամքին: Միևնույն ժամանակ հարկ ենք համարում բացատրել, որ իզուր է պ. Աստվածատուրը խառնում այդ խնդրին Հ. Յ. Դաշնակցության անունը, քանի որ Բոստոնի Կենտրոնական կոմիտեն այդ խնդրում գործել է և գործում է իբրև ազգային մի մարմին, ինչպես և ինքը Ազգային բյուրոն, որը համարել է այդ կոմիտեն իբրև իր հետ կապված բազմաթիվ այլ վայրերի կոմիտեներից մեկը: