Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առիթից օգտվելով, երկու խոսքով էլ կպատասխանեմ «Գաղափար» թերթի [1916] հմ. 72-ի մեջ տպված տասը կամավորների ստորագրությամբ բաց նամակին պ.Հովհ.Սպենդարյանին: Պ.Հովհ.Սպենդարյանը ահա երեք շաբաթ է, ինչ բացակա է քաղաքիցս, բայց քանի որ հիշյալ 10.000ռ. դրամը Վեհափառ Կաթողիկոսը փոխադրել է Ազգային բյուրոյին, ուստի հարկ եմ համարում պատասխանել Բյուրոյի կողմից:

Նախ միանգամայն սխալ է, որ այդ դրամը ուղարկված է հատկապես 6-րդ գնդի կամավորներին Ամերիկա գնալու ճանապարհածախս տալու համար: Ազգային բյուրոն սկզբունքով որոշել էր ճանապարհածախս տալ Ամերիկա գնացող կամավորներին առանց գնդերի խտրության, պահանջելով միայն, որ ներկայացող կամավորը ունենա վկայական իր Խմբի հրամանատարից: Եվ միջոցների սղության պատճառով Բյուրոն դեռ անցյալ մայիսին դիմել էր Վեհափառ Հայրապետին, խնդրելով իր տրամադրության տակ եղած կամավորական դրամներից մի գումար ուղարկել Ազգային բյուրոյին գոնե 6-րդ գնդի կամավորներին ճանապարհածախք տալու համար: Եվ Բյուրոյի խնդիրը հարգելով Վեհափառը կարգադրել էր ուղարկել 10.000 ռուբլի, և այդ առթիվ Բյուրոյին ուղղած հայրապետական դիվանի գրության մեջ ասված էր հետևյալը. «Դիվանս հայտնում է, որ 6-րդ գնդի կամավորների անունով հատուկ գումարներ չկան Նորին Սրբության տրամադրության տակ: ... Նորին Սրբությունը պատվիրեց Սինոդին փոխադրել Բյուրոյիդ իր տրամադրության տակ գտնված ընդհանուր կամավորների գումարից 10.000 ռ. ընդհանուր կամավորների ծախքերի համար»: Պարզ է, ուրեմն, որ ուղարկված դրամը 6-րդ գնդի կամավորների համար չէր: Այս մեկ սխալ:

Գանք մյուսին: Ազգային բյուրոն մինչև սեպտեմբերի 17-ը ճանապարհածախք տվել է Ամերիկա գնալու համար 6-րդ գնդի 53 կամավորների, ընդհանուր գումարը 6.760 ռուբլի: Ուրեմն, ոչ թե 2-3 հազար ռ., ինչպես առանց իրողությունն իմանալու գրում են «Գաղափար» թերթի մեջ 6-րդ գնդի 10 կամավորները, այսպիսով մոլորության մեջ ձգելով հասարակական կարծիքը:

Ազգային բյուրոյի կողմից Հակ. Քոչարյան

«Հորիզոն», հասարակական, գրական, քաղաքական օրաթերթ, Թիֆլիս, 27.09.16

N 115

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՆԱՄԱԿԸ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԴԻՎԱՆԻՆ

ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՄԲԵՐԻՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔԻԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ

ԻՐԱՑՄԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑՆԵՐ ԽՆԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

19 մայիսի 1916թ.

Ազգային բյուրոն ստացավ Ձեր գրությունը հոկտեմբերի 5-ից հմ. 2190: Նախ Ազգային բյուրոն հայտնում է իր խորին շնորհակալությունը Նորին Վեհափառության, որը ուշադրության առնելով Բյուրոյիս հեռագրական դիմումը, բարեհաճել է պատվիրել Ս.էջմիածնա Սինոդին փոխադրել Բյուրոյի անունով այլևս 5.000 րուբլի: Միևնույն ժամանակ պետք ենք համարում հայտնել, որ նախընթաց 5.000 րուբլին, որի մասին ինչպես վկայում է դիվանիդ համապատասխան գրությունը, Նորին Սրբության կարգադրությունը Սինոդին եղել էր սեպտեմբերի 17-ին, Սինոդի գանձապահը մեզ ուղարկել է միայն հոկտեմբերի 6-ին, և Բյուրոն այդ գումարը ստացավ միայն հոկտեմբերի 12-ին: Հայտնելով իր խորին շնորհակալությունը Նորին Սրբությանը, Բյուրոն ներփակյալ ուղարկում է դիվանիդ համապատասխան անդորագիր հմ. 26/83: