Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/499

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է էգը՝ 7 օրվա ընթացքում: Բույնը գավաթաձև է՝ բույսերից: Բնադրում է պատերի կամ ժայռերի ճեղքերում, գետնին: Առաջին ձվերը հայտնվում են ապրիլի 1-ին տասնօրյակից հունիսի կեսը: Դնում է 19 մմ տրամագծով, սպիտակ կամ հազվադեպ բաց կապույտ 4-6 ձու: Թխսակալում է էգը՝ 14-15 օր: Ձագերը բնից հեռանում են կյանքի 16-19-րդ օրը: Բներում ձվերի առկայության ընթացքում երբեմն նկատվում են զուգավորման դեպքեր: Թռիչքին լավ տիրապետում են հուլիսից օգոստոսի վերջը:

ՍԵՎՈՒԿ ԿՏՑԱՐ (Tringa ochropus), մորակտցարների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված:

Մարմնի երկար. 21-24 սմ է, թևերի բացվածքը՝ 57-61 սմ, կենդանի զանգվածը՝ 70-80 գ: Վերևից մուգ ձիթապտղագույն-կանաչ է, ներքևից՝ սպիտակ, գլխից մինչև կրծքի վերին մասը՝ մուգ խայտերով: Կտուցից մինչև աչքը տարածվում է սպիտակ շերտ: Թռչելիս նկատելի են սևավուն մեջքը և թևերը, սպիտակ գոտկատեղը, պոչի 3-4 վառ սև զոլերը: Ոտքերը մուգ կանաչ են: Թաքնված թռչուն է, թաքստոցից դուրս է թռչում հանկարծակի: Բնակվում է ջրանցքների, ճահճուտների խիտ բուսածածկով քողարկված ափերին: Սնվում է որդերով, ջրային անողնաշարավորներով:

Բնադրազույգերը ձևավորվում են ապրիլի ընթացքում: Բույնն անփույթ է՝ աղքատիկ ցամքարով: Բնադրում է ծառերի վրա կամ գետնին: Ձվադրում է նաև այլ տեսակների բներում, որտեղ առկա են նաև բնի տիրոջ ձվերը: Դնում է 39 մմ տրամագծով, բաց ձիթապտղագույն-կանաչ՝ կարմիր-դարչնագույն վրձնախազերով 4 ձու: Թխսակալում են էգը և արուն՝ մայիսից հունիս՝ 20-22 օր: Ձագերը բնից դուրս են գալիս 2-3-րդ օրը: Թռիչքին լավ տիրապետող ձագերը ծնողների հսկողությամբ հանդիպում են հուլիս-օգոստոսին:

ՍԵՐԻՆՈՍՆԵՐ (Fringillidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 122, ՀՀ-ում՝ 15 տեսակ՝ ազնվասարեկ, ամուրիկ, խածկտիկներ, եղևնու խաչկտուց, կանեփնուկ, կարմրակատար, հատբեկիչ, ոսպնուկներ, կանաչ սերինոս, կարմրաճակատ սերինոս, սովորական սերինոս, լեռնային վշասարեկ: Կենդանի զանգվածը 10-20 (երբեմն՝ 25-57) գ է: Հիմնականում անտառաբնակ կամ թփուտային, հատիկակեր կամ մասնակի միջատակեր թռչուններ են, կան կիսաանապատային և անապատային տեսակներ: Ունեն լավ զարգացած սրածայր կամ իրար խաչվող ստորին և վերին կտուցներ: Մի շարք տեսակներ հայտնի են սրնգային բազմաթիվ ելևէջներ արձակող երգով:

ՍԵՐՄՆԱՔԱՂ (Corvus frugilegus), ագռավների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված:

Մարմնի երկար. 44-46 սմ է, թևերի բացվածքը՝ 81-99 սմ, կենդանի զանգվածը՝ 422-454 գ: Հասունի փետրածածկը սև է, փայլուն: Կտուցը երկար է, հիմքում կա սպիտակավուն մերկ հատված: Երիտասարդի փետրածածկը խամրած սև է, կտուցի հիմքի շուրջը՝ սև փետուրներով: Աղմկարար է: Բնակվում է լեռնատափաստաններում, ցանքադաշտերում, խոտհարքներում, պտղատու այգիներում, քաղաքամերձ պուրակներում: Սնվում է անողնաշարավորներով, սերմերով, լեշերով: Ս-ները կազմում են երամներ:

Հարսանեկան զույգերը պահպանվում են ողջ կյանքի ընթացքում: Բները նորոգում, կառուցում են ու ձվադրում մարտի սկզբին: Բնադրում են գաղութներով՝ կազմված մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուրակից բաղկացած բների խմբերից (ագռավանոցներ): ՀՀ-ում ամենախոշոր բնադրագաղութները եղել են Սևանա լճի մերձակա տարածքներում (մինչև 1997-ը ամենախոշորը եղել է Մարտունի ք-ի հաստաբուն բարդիների վրա): Այլ վայրերում բույնը կառուցում է երկաթգծի կայարանների էլեկտրասյուների հենակներին:

Բույնը գավաթաձև է, ծավալուն՝ մանր ու խոշոր ճյուղերից, ցամքարը՝ նուրբ արմատներից ու ճյուղերից: Դնում է 40 մմ տրամագծով, բաց կապույտ՝ մուգ կանաչ կամ սևավուն պտերով ու գծիկներով 2-6 ձու (1 ձուն կազմում է մայր թռչունի միջին կենդանի զանգվածի 3,5 %-ը): Ամենավաղ թխսակալումը՝ մարտի 2-րդ կեսից՝ 16-20 օր: Ձագերը հայտնվում են հունիսի 2-րդ կեսից, բնից դուրս են գալիս կյանքի 29-30-րդ օրը, հուլիսի կեսերին՝ 80-90 %-ը, օգոստոսի սկգբին գաղութը դատարկվում է ամբողջովին: Աշնանամուտին և ձմռան ընթացքում Արարատյան դաշտում երամները բաղկացած են 5-10 հզ. թռչունից, վաղ գարնանը նույն թվաքանակով հանդիպում են բնադրավայրերից ոչ հեռու տարածքներում:

Սովորաբար օգտակար է. ոչնչացնում է բնահողում բազմացող վնասատու անողնաշարավորներին, հատկապես՝ կարտոֆիլի դաշտերում, սակայն վաղ գարնանը կարող է վնասել հացահատիկի ցանքատարածությունները: Աշնան սկգբին, որպես հավաքատեղի և գիշերատեղ, զբաղեցնում են Երևանի շենքերի տանիքները և բարձր ծառերը:

ՍԻԳ (Coregonus lavaretus), սիգաձների ընտանիքի ձուկ: Սևանա լիճ է ներմուծվել 1924-27-ին՝ Լադոգա և Չուդ (Ռուսաստան) լճերից: Տարիների ընթացքում կլիմայավարժվել է լճի պայմաններին՝ առաջացնելով արտաքնապես իրարից էապես չտարբերվող առանձնյակների ամբողջություն, որին երբեմն համարում են որպես առանձին ենթատեսակ՝ Սևանի սիգ (Coregonus lavaretus sevanicus):

Մարմնի երկար. 30-40 (երբեմն՝ մինչև 60) սմ է՝ կողքերից մի փոքր սեղմված: Գլուխը փոքր է, դունչը՝ սուր: Բերանը կիսաստորին է, փոքր, ատամնազուրկ: Վերին ծնոտը ստորինից մի փոքր երկար է: Ճարպային լողակը գտնվում է մեջքային և պոչային լողակների միջև: Փորային լողակների հիմքը գտնվում է մեջքային լողակի 5-6-րդ ճյուղավորված ճառագայթների տակ: Պոչային լողակը մկրատաձև է: Մեջքային լողակում ճառագայթները 12-17-ն են, հետնալողակում՝ 13-18: Խռիկային առաջին աղեղի վրա գտնվում են 25-40 երկար ու սրածայր առէջներ: Թեփուկները համեմատաբար խոշոր են, կողագծում՝