Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԿԼԻՄԱ

Հայկական լեռնաշխարհի կլիման խիստ բազմազան է: Հայաստանում ճանապարհորդը մեկ օրվա ընթացքում կարող է «բևեռային շրջանից» հասնել մինչև մերձարևադարձ:

Կլիմայի նման տարբերությունները պայմանավորված են Հայկական լեռնաշխարհի կլիման ձևավորող գործոններով՝ աշխարհագրական դիրքով, մթնոլորտի ընդհանուր և տեղական շրջանառությամբ, լեռնագրական պայմաններով, լեռնալանջերի դիրքադրությամբ, տեղանքի բացարձակ բարձրությունների տարբերություններով և լեռներով պարփակվածության աստիճանով:

Լեռնաշխարհի կլիմայի վրա մեծ է նաև հարակից տարածքների՝ Մեծ Կովկասի, Իրանական ու Փոքրասիական բարձրավանդակների չոր շրջանների, արաբական անապատների և Սև ու Կասպից ծովերի ազդեցությունը: Այս առումով կարևոր է Մեծ Կովկասի կլիմայաստեղծ դերը, որը կլիմայաբաժանարար է լեռնաշխարհից հս. գտնվող բարեխառն կլիմայական գոտու (որտեղ հաճախ ներթափանցում են արկտիկական սառը օդային զանգվածները) և մերձարևադարձային կլիմայական գոտու միջև:

Հայկական լեռնաշխարհը գտնվում է մերձարևադարձային գոտու հս-ում, որտեղ տարվա ընթացքում դիտվում են Արեգակի ճառագայթների անկման անկյան զգալի տարբերություններ (հունիսին՝ 74°, դեկտեմբերին՝ 27°)՝ պայմանավորելով Արեգակից ստացվող ճառագայթային էներգիայի մեծ տարբերությունները:

Մերձարևադարձային գոտու հս-ում գտնվելու շնորհիվ լեռնաշխարհում պարզորոշ արտահայտված են տարվա չորս եղանակները:

Հայկական լեռնաշխարհն արևաշատ է: Արևափայլքի տարեկան միջին տևողությունը տատանվում է 1600-2800 ժ-ի սահմաններում, նվազագույնը Պոնտոսի և Մեսխեթի լեռնաշղթաների ծովահայաց լանջերին՝ 1600-1700 ժ, Կորդվաց խոնավ լեռներում՝ 1900-2000 ժ: Ըստ բարձրության՝ ամպամածության հետ կապված արևափայլքի տևողությունը կրճատվում է: Անարև օրերի թիվը տարվա ընթացքում լեռնաշխարհում տատանվում է 15-80-ի սահմաններում:

Արևափայլքի և Արեգակի ճառագայթների անկման անկյունից կախված՝ փոխվում է ստացվող արեգակնային էներգիայի քանակը: Ամռանը, երբ Արեգակի բարձրությունը հորիզոնից հասնում է առավելագույնին, լեռնաշխարհը ստանում է շատ ջերմություն, ինչը ձմռանը հասնում է նվազագույնի:

Արեգակնային ճառագայթման տարեկան հաշվեկշիռը լեռնաշխարհի միջլեռնային գոգավորությունների ցածրադիր մասերում 60-65 կկալ/սմ2 է, իսկ Արարատ, Արագած, Սիփան, Աժդահակ լեռնագագաթների բարձրադիր մասերում՝ 42,5 կկալ/սմ2: