Տարեկան միջին ջերմաստիճանը Հայկական լեռնաշխարհի առավել բարձրադիր շրջաններում բացասական է. Տիգրիսի հովտում 12-14°C է, Մալաթիայի, Խարբերդի, Արարատյան, Նախիջևանի դաշտերում, Դաշտային Արցախում՝ 8-12°C: Ամռանը, երբ լեռնաշխարհ են ներթափանցում արևադարձային տաք ու չոր օդային զանգվածները, դիտվում է օդի ջերմաստիճանի ամենաբարձր ցուցանիշը՝ 45°C (ք. Թավրիզ): Ամենատաք ամիսը հուլիսն է. գոգավորությունների հատակում միջին ջերմաստիճանը 25-29°C է, միջին բարձրություններում՝ 15-20°C, բարձրլեռնային շրջաններում՝ 5-10°C:
Ձմռանն Արեգակի բարձրությունը զգալիորեն նվազում է, լեռնաշխարհում հաճախ հաստատվում է անտիցիկլոնային ռեժիմ, և եթե ներխուժում են արկտիկական ցուրտ օդային զանգվածները, ջերմաստիճանը խիստ նվազում է: Ամենացուրտ ամիսը հունվարն է. գոգավորություններում, որտեղ դիտվում են ջերմաստիճանի շրջադասություններ (ինվերսիաներ), նվազագույն ջերմաստիճանը Երևանում -39°C է, Գյումրիում՝ -41°C, Կարսում՝ -42°C, Պաղակնում՝ -42°C (հաշվարկայինը՝ -46°C): Հունվարի միջին ջերմաստիճանը լեռնաշխարհում -3-ից -7°C է, Վանում՝ -3,5°C, Նախիջևանում՝ -6°C, Ախալքալաքում՝ -7,2°C, Գյում- րիում՝ -9,7°C: Լեռնաշխարհի հվ. մասը համեմատաբար տաք է. Մալաթիայում՝ -1,5°C, Ուրֆայում՝ -4,5°C: Տարվա ընթացքում 10°-ից բարձր ջերմաստիճանների գումարը ցածրադիր շրջաններում, դաշտերում (Մալաթիա, Մեղրու կիրճ, Դաշտային Արցախ, Տավրոսի ստորոտներ, Արարատյան դաշտ) կազմում է շուրջ 4000°, որոշ տարիների՝ 5000°, միջին բարձրություններում՝ 2000-3000°, բարձրլեռնային գոտում՝ 1000-1500°: Օդի ջերմաստիճանի ամառային և ձմեռային բացարձակ ցուցանիշների տարբերությունը շուրջ 90°C է, որը լեռնաշխարհի ցամաքայնության ցայտուն ապացույցն է:
Հայկական լեռնաշխարհի կլիմայի բնորոշ առանձնահատկություններից են ուշ գարնանային և վաղ աշնանային ցրտահարությունները, որոնք հաճախ մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը:
Լեռնաշխարհի կլիմայի ձևավորման վրա մեծ է մթնոլորտի շրջանառության դերը: Ամբողջ տարին գերիշխում է արմ. օդային զանգվածների հոսքը, որոնց միջոցով բարեխառն լայնությունների խոնավ օդը հասնում է լեռնաշխարհ, դրա հետ են կապված գարնանային և աշնանային խոնավ սեզոնները:
Տարվա ցուրտ կեսին մթնոլորտի շրջանառության մեջ գերիշխող են դառնում արկտիկական օդային զանգվածների և Կենտրոնական Ասիայի տարածքում ձևավորված անտիցիկլոնային դաշտի ազդեցությունները: Զգալի է նաև մթնոլորտային բարեխառն ճակատում ձևավորվող ցիկլոնների դերը, որոնց հետ կապված է ձմեռային տեղումների մեծ մասը:
Լեռնաշխարհի մթնոլորտի տեղական շրջանառությունը արտահայտվում է լեռնահովտային քամիների, ֆյոնների, բրիզների ձևերով, որոնք նույնպես ազդում են տարածքի կլիմայի վրա: Քամիների առավելագույն արագությունը լեռնանցքներում և բարձրլեռնային շրջաններում 7-9 մ/վ է, ամռանը բնորոշ լեռնահովտային քամիների առավելագույնը կեսօրից հետո հասնում է 15-20 մ/վ՚. Ձմռանը գոգավորությունների հատակում գերիշխում են թույլ քամիները կամ անհողմ եղանակները:
Մթնոլորտի շրջանառության և լեռնաշխարհի լեռնագրական պայմանների հետ սերտ կապված է մթնոլորտի խոնավության և մթնոլորտային տեղումների բաշխումը:
Բացարձակ խոնավության առավելագույնն ամռանն է՝ Սև ծովի ափին՝ 12-14 գ/մ3, նվազագույնը՝ բարձրլեռնային շրջաններում՝ 2-4 գ/մ3: Հարաբերական խոնավության առավելագույնը ձմռանն է՝ 75-80%: Միջնաշխարհում հարաբերական խոնավությունն ամռանը 40-60 % է, ձմռանը՝ 70-90 %,