Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համեմատաբար մեղմ է, բարձրլեռն. գոտում՝ զով, կարճատև: Ա-ան առաջին կեսին ՀՀ տարածքը գտնվում է ցիկլոնների ազդեցության տակ, որոնցով ն պայմանավորված են տեղումները, երկրորդ կեսին գերիշխում են արևադարձային չոր օդային զանգվածները, աշխուժանում են լեռնահովտային քամիները և մթնոլորտի վերընթաց հոսանքները, որի հետևանքով լինում են ամպրոպներ, երբեմն էլ կարկուտ, հաճախակի են խորշակները: Ա-ան ամիսներին են կատարվում խոտհարքը, հացահատիկի բերքահավաքը, հասնում են պտուղները: Հին հայկ. նշանավոր տոներից մեկը՝ Նավասարդը, տոնում էին օգոստոսի 11-ին, որը համարվում էր նաև Նոր տարվա սկիզբը:

ԱՄՊ, մթնոլորտում, Երկրի մակերևույթից որոշ բարձրության վրա, ջրի մանր կաթիլների, սառցաբյուրեղիկների և դրանց խառնուրդի կուտակումը: Ա-ի առաջացման հիմն, պայմաններն են կոնվեկտիվ, վերընթաց հոսանքները, տուրբուլենտ փոխանակությունը և օդի ճառագայթման պատճառով սառեցումը, որի հետևանքով մթնոլորտում տեղի են ունենում ջերմաստիճանի նվազում, խոնավության աճ: Ա-երն, ըստ իրենց ստորին սահմանի բարձրության, բաժանվում են 3 հարկի, ըստ ձևի՝ 10 տեսակի: Վերին հարկին (բարձր.՝ ավելի քան 6 կմ) են պատկա¬ նում փետրավոր, փետրաշերտավոր, փետրակույտավոր Ա-երը, միջին հարկին (բարձր.՝ 2-6կմ)՝ բարձր շերտավոր, բարձր կույտավոր Ա-երը, ներքին հարկին (բարձր.՝ մինչև 2 կմ)՝ շերտավոր, շերտակույտավոր և շերտաանձրևային Ա-երը: Տարբերում են նաև ուղղաձիգ զարգացման Ա-եր (կույտավոր և կույտաանձրևային), որոնց ներքին սահմանը սովորաբար բավական ցածր է, իսկ վերինը երբեմն հասնում է մինչև վերնոլորտ: Ըստ ծագման՝ տարբերում են Ա-երի 3 տիպ՝ կույտավոր, ալիքավոր և շերտավոր: Կույտավոր Ա-երի առաջացման հիմն, պատճառներն են օդի կոնվեկտիվ շարժումը և ջերմության տուրբուլենտ փոխանակությունը. հիմնականում առաջանում են ցամաքի վրա՝ տարվա տաք կեսին: Կույտավոր Ա-երից ՀՀ տարածքում առավել հաճախ դիտվում են շերտակույտավոր և բարձր կույտավոր Ա-երը, որոնց կրկնողականությունը տարվա ընթացքում 40-50% է: Կույտաանձրևաբեր Ա-երը հաճախ ուղեկցվում են անձրևներով, կարկուտով, հիմնականում դիտվում են Արարատյան դաշտում, Զանգեզուրում, Սևանա լճի ավազանում և այլուր: Ալիքավոր Ա-երի առաջացումը կապված է շրջադասային շերտերի առկայության հետ: Սրանց վերին և ստորին սահմաններում դիտվում են ուղղությամբ և արագությամբ խիստ տարբեր օդային հոսանքներ, որոնք և առաջացնում են ալիքային շարժումներ: Ալիքավոր Ա-երի առաջացմանը նպաստում է նաև ցամաքի մակերևույթը: Իրար հաջորդող լեռների և հովիտների վրայով անցնող օդային հոսանքներն առաջացնում են ալիքային շար ժումներ և մթնոլորտի բավարար խոնավության պայմաններում ալիքավոր Ա-երի առաջացման պատճառ են դառնում: Նման Ա-եր դիտվում են ձմռանը՝ Սևանա լճի ավազանում: Շերտավոր Ա-երը դիտվում են տարվա ցուրտ կեսին՝ ցիկլոնների տաք գոտում և պայմանավորված են շրջադասային շերտերում առաջացող թույլ վերընթաց հոսանքներով (5-10 սմ/վ) ու տուրբուլենտականությամբ: Շերտավոր Ա-երը լեռն, բարդ ռելիեֆի պայմաններում հաճախ կարող են տարափոխվել կույտավոր Ա-երի: ՀՀ տարածքում տարվա ընթացքում առավել հաճախ դիտվում են շերտակույտավոր (40-50 %), բարձր կույտավոր (30-40%), փետրավոր (որոնց առավելագույն կրկնողականությունը դիտվում է գարնանը և ձմռանը՝ 20-30%) Ա-եր: Երկնակամարը բազմահարկ Ա-երով ծածկված լինելու աստիճանը՝ ամպամածությունը, արտահայտվում է բալլերով (10 բալլային սանդղակով): Երկինքը համարվում է պարզ, երբ ամպամածությունը կազմում է 0-2, կիսապարզ՝ 3-7, ամպամած՝ 8-10 բալլ: Տարբերում են ներքին (երկնակամարի՝Ա-ով ծածկվածության աստիճանը ներքին հարկի Ա-երով) և ընդհանուր (անկախ հարկից) ամպամածության տեսակներ: Ամպամածությունն ունի իր ցայտուն արտահատված օրական և տարեկան ընթացքը, որը լեռն, ռելիեֆի պայմաններում աչքի է ընկնում մեծ բազմազանությամբ, ՀՀ-ում դիտվում է հիմնականում 7-8 ամիս, հատկա¬ պես հս., հս-արլ. շրջաններում: