Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճառագայթումը 7,9-ից (Տաշիր) 12 կկալ/սմ2 · ամիս է (Ամասիա): Արեգակնային ճառագայթման հաշվեկշիռը 0,9-ից (Արագած բլկ) 4,9 կկալ/սմ2 · ամիս է (Լերմոնտովո):

Հ-ին ՀՀ տարածքի գերակշռող մասում օդի միջին ջերմաստիճանը 10-15°C է, որոշ շրջաններում՝ 4-6°C, բարձրադիր վայրերում դիտվում են բացասական ջերմաստիճաններ: Առավելագույն ջերմաստիճանը 15-ից (Արագած բլկ) 36°C է (Մեղրի), նվազագույնը՝ -4-ից (Մեղրի) -20°C (Պաղակն գ.): Օդի հարաբեր. խոնավությունը 55-80 % է: Հ-ին նվազում է խոնավության պակասորդը, մեծանում մթն. տեղումների քանակը, առավելագույնը՝ 70-74 մմ, նվազագույնը՝ 21-26 մմ։ Քամու արագությունը 1-6,1 մ/վ է, գերակշռող ուղղությունները՝ արլ. և հս.:

Հ. ամառ-աշնանային սակավաջուր փուլի առավել ջրառատ ամիսն է: Ավելանում է մթն. տեղումների քանակը, պակասում գոլորշացումը: Գետերով հոսում է տարեկան հոսքի 2,5-7,5 %-ը, Սևանա լճի ավազանի գետերով՝ 4,8 %-ը: Ստորերկրյա սնմամբ գետերի ջրի միջին ջերմաստիճանը 1000 մ բարձր. վրա 9,9°C է, 2200 մ վրա՝ 5,1°C: Գետերի ջրի ջերմաստիճանը յուրաքանչյուր 100 մ բարձրանալիս նվազում է 0,5°C-ով: Սևանա լճի մակերևութային շերտի ջրի միջին ջերմաստիճանը 14°C է, Արփի լճի ջրամբարինը՝ 6,9°C, Քարի լճինը՝ 0°C (հաճախ սառցակալում է):

Հ. Հայաստանում բնության հակադրությունների ամիս է: Փոփոխական են եղանակները, տարբեր՝ լանդշաֆտների տեսքերը: Արարատյան դաշտում «ոսկե» աշուն է, Արագածի գագաթը ծածկվում է ձյունով, անձրևային օրերին հաջորդում է արևոտ, տաք «երկրորդ ամառը»:

Արարատյան դաշտում Հ-ի վերջին զգալի նվազում է ջերմաստիճանը (իջնում է 5°C-ից), շարունակվում է այգեթաղը: Հաճախակի երևում են հվ. չվող թռչունների երամները: Հ. որսի ամիս է, տեղ-տեղ հավաքում են սունկ, դեղաբույսեր, վայրի պտուղներ, սերմեր:

Հ-ին Հայաստանում նշվում է Թարգմանչաց տոնը, Հ-ի 5-ին՝ Ուսուցչի օրը, 24-ին՝ ՄԱԿ-ի օրը:

ՀՈՒԼԻՍ (< լատ. Julius), օրացուցային տարվա յոթերորդ ամիսը (31 օր), անվանումը կապվում է Հուլիոս Կեսարի անվան հետ:

ՀՀ-ում ջերմային ռեժիմով՝ ամառային, օրացուցայինով՝ ամռան երկրորդ ամիսն է:

Ցերեկվա տևողությունը Երևանում 14 ժ 46 ր է (15-ին): Արեգակի բարձր. հորիզոնից 73°06՛-ից (1-ին) 68°24՛ (31-ին) է: Արևափայլքի տևողությունը 179-ից (Ստեփանավան) 422 ժ է (Արարատ): Արեգակնային գումարային ճառագայթումը 13,7-ից (Տաշիր) 20,3 կկալ/սմ2 · ամիս է: Արեգակնային ճառագայթման հաշվեկշիռը՝ 7,4-ից (Բերդ) 11,3 կկալ/սմ2 · ամիս (Եռաթմբեր): Օդի միջին ջերմաստիճանը 8,7-ից (Արագած բլկ) 25,8°C է (Մեղրի), նվազագույնը՝ 4,8-ից (Արագած բլկ) 20°C (Մեղրի), առավելագույնը՝ 12,4-ից (Արագած բլկ) 33°C (Արմավիր): Օդի հարաբեր. խոնավությունը 39-ից (Արենի) 81 % է (Սեմյոնովկա գ.): Հ-ին մթն. տեղումների քանակը նվազում է մինչև 9 մմ (Նշավան գ.): Առանձին դեպքերում տեղումների առավել բարձր արժեքները հասնում են մինչև 86 մմ (Տաշիր): Քամու արագությունը 1-8,6 մ/վ է, առավելագույնը՝ 11,7 մ/վ, լեռնանցքներում, հետկեսօրյա ժամերին, գերակշռող ուղղությունը՝ հս. և հս-արլ.:

Հ. ամառային սակավաջուր փողի առաջին ամիսն է: Գետերով հոսում է տարեկան հոսքի 5-10 %-ը. սառցաբծերից և ձնաբծերից սնվող գետերով՝ 15-20 %-ը, ստորերկրյա սնմամբ գետերի ջրի ջերմաստիճանը 1000 մ բարձր. վրա 14,9°C է, 2200 մ՝ 7,9°C, մյուս գետերում համապատասխանաբար՝ 19,2°C և 12°C: Գետերի ջրի ջերմաստիճանը յուրաքանչյուր 100 մ բարձրանալիս նվազում է 0,6°C-ով: Սևանա լճի մակերևութային շերտի ջրի միջին ջերմաստիճանը 18°C է (առավելագույնը՝ 19,5°C, դիտվել է 1989-ին), Արփի լճի ջրամբարինը՝ 17,9°C, Ապարանի ջրամբարինը՝ 19,2°C, Քարի լճինը՝ 10,2°C:

Հ. տարվա ամենատաք ամիսն է: Օդի ջերմաստիճանը հասնում է առավելագույնին: Դադարում են լեռն. գետերի վարարումները: Անամպ երկնակամարում Արեգակը կիզիչ է: Հողում խիստ պակասում է խոնավությունը: Դաշտերն ու այգիները հիմնականում ոռոգվում են: Օդը լցվում է ծաղիկների ու չոր խոտի բուրմունքով: Անասունների հոտերը բարձրանում են ալպյան և մերձալպյան արոտներ, սկսվում է հացահատիկի ու մրգերի բերքահավաքը: Թեպետ Հ. ամենատաք ամիսն է, բայց երբեմն բարձր լեռնագագաթներին կարկուտ ու ձյուն են տեղում: Հ-ի առաջին տասնօրյակում ցածրադիր գոտում օդի միջին ջերմաստիճանը բարձր է 20-25°C-ից, լեռն. գոտում՝ 15°C-ից, ավարտվում է կլիմ. գարունը: Սկսվում է ծիրանի բերքահավաքը, հասունանում են ելակը, թութը, բալը, գարին, աշնանացան ցորենը, ձմերուկը և սեխը, գարնանացան ցորենը, կարտոֆիլը, լոլիկը, վարունգը, լոբին և այլն:

Հ-ի երրորդ տասնօրյակում ՀՀ ամբողջ տարածքին բնորոշ են ամենաբարձր ջերմաստիճանները:

Վերջին հազարամյակում կայունացել է Հ-ի 22-ին հաջորդող կիրակին Վարդավառի («ջուր ցողելու», «ջուր լցնելու») օրը նշելու ավանդույթը: Այդ օրը լավագույնս համապատասխանում է դաշտային աշխատանքների ավարտին, հացահատիկի բերքահավաքին:

ՀՈՒՆԻՍ (< լատ. Junius), օրացուցային տարվա վեցերորդ ամիսը (30 օր): Անվանումը կապված է հին հռոմ. պտղաբերության աստվածուհի Յունոնի անվան հետ: Մինչև Հուլյան օրացույցի ընդունումը տարվա չորրորդ ամիսն էր:

ՀՀ-ում ջերմային ռեժիմով՝ ամառային, օրացուցայինով՝ ամռան առաջին ամիսն է: Հ-ին Հս. կիսագնդում ցերեկվա տևողությունը ամենաերկարն է, Երևանում՝ 15 ժ 2ր (15-ին): Արեգակի բարձր. հորիզոնից 72°60՛-ից (1-ին) 73°12՛ է (30-ին): Հս. կիսագնդի արևադարձային լայնությունում Արեգակը տարվա ընթացքում զենիթում լինում է Հ-ի 22-ին. այդ օրը կոչվում է ամառային արևադարձի օր, հաջորդ օրվանից սկսած՝ նվազում է Արեգակի բարձրությունը, և հետևապես՝ ցերեկվա տևողությունը: Արևափայլքի տևողությունը 210-ից (Իջևան) 362 ժ է (Արմավիր): Արեգակնային գումարային ճառագայթումը 14,8-ից (Տաշիր) 20,3 կկալ/սմ2 · ամիս (Արագած բլկ, Եռաթմբեր) է: Օդի միջին ջերմաստիճանը 3,6-ից (Արագած բլկ) 22,7°C (Մեղրի) է, առավելագույնը՝ 41 °C (Մեղրի), բացարձակ նվազագույնը՝ -9°C