(Արագած բլկ): Օդի հարաբեր․ խոնավությունը 49-ից (Երևան, Արմավիր) 81 % (Դիլիջան) է: Հ-ից սկսած՝ ավելանում է չոր և շոգ օրերի թիվը, երբեմն նկատվում են խորշակային երևույթներ: Մթն. տեղումների քանակը 22-ից 123 մմ է (Ստեփանավան): Քամու արագությունը 1-7,4 մ/վ է, բարձրլեռն. շրջաններում, հետկեսօրյա ժամերին երբ լեռնահովտային քամիները հասնում են ամենաբարձր ուժգնության, գերակշռում են արլ. և հս. քամիները:
Հ. գետերի գարնանային վարարումների փուլի վերջին ամիսն է: Գետերով հոսում է տարեկան հոսքի 10-20%-ը. ստորերկրյա սնմամբ գետերով՝ 6-12%-ը, Սևանա լճի ավազանի գետերով՝ 19,8 %-ը: Գետերի ջրի ջերմաստիճանը յուրաքանչյուր 100 մ բարձրանալիս նվազում է 0,6°C-ով: Ստորերկրյա սնմամբ գետերի ջրի ջերմաստիճանը 3-4°C-ով ցածր է մակերևութային սնմամբ գետերի ջրի ջերմաստիճանից: Սևանա լճի մակերևութային շերտի ջրի միջին ջերմաստիճանը 14,4°C է, առավելագույնը՝ 16,7°C (1985), Արփի լճի ջրամբարինը՝ 13,9°C, Ապարանի ջրամբարինը՝ 16,3°C:
Հ-ի 1-ից ՀՀ-ում սկսվում է օրացուցային, 22-ից՝ աստղաբաշխ․ ամառը: Կլիմ. և ֆենոլոգ․ օրացույցներով ցածրադիր գոտում ամառն ավելի վաղ է սկսվում:
Հ-ի առաջին տասնօրյակում ցածրադիր գոտում օդի միջին ջերմաստիճանը բարձր է 20°C-ից, նախալեռներում՝ 15°C-ից, բարձրադիր գոտում՝ Արագածի գագաթնային մասում, ջերմաստիճանը բարձրանում է 0-ից մոտ 1,5°C, խոտը սկսում է ծլել:
ՀՀ-ում Հ-ին ամառը «բարձրանում է սարն ի վեր», ստորին գոտում՝ 2-4 օրում 100 մ, նախալեռն․ և լեռն․ գոտիներում՝ 100 մ 7-8 օրում:
Հ-ին Արարատյան դաշտում ծաղկում են կարտոֆիլը, վարունգը, լոլիկը, խաղողը, սպիտակ ակացիան, լորենին, ընկուզենին և այլն, հասունանում են վաղահաս մրգերը, բանջարեղենը, գարին, թութը ևն: Աշնանացան ցորենը կաթնային հասունության փուլում է:
Բնադրվում են թռչունները, բներում երևում են ձագերը:
Հ-ի 1-ը Երեխաների իրավունքների պաշտպանության օրն է:
ՀՈՒՆՎԱՐ (< լատ. Januarius), օրացուցային տարվա առաջին ամիսը (31 օր): Անվանումը կապված է հին հռոմ. Յանուս աստծու անվան հետ:
ՀՀ-ում ջերմային ռեժիմով՝ ձմեռային, օրացուցայինով՝ ձմռան երկրորդ ամիսն է:
ՀՀ-ում Հ-ին ցերեկվա տևողությունը 9 ժ 22 ր-ից (1-ին) 10 ժ 4 ր է (31-ին), Երևանում՝ 9 ժ 37 ր (15-ին): Արեգակի բարձրությունը հորիզոնից 27°00՛-ից (1-ին) 32°30՛ է: Արևափայլքի տևողությունը 60-ից (Տաշիր) 180 ժ է (Եղվարդ): Արեգակնային ճառագայթման հաշվեկշիռը բացասական է. Արագած բլկ-ում՝ -1,8 կկալ/սմ2 · ամիս, Արարատյան դաշտի ցածրադիր շրջաններում՝ 0-0,7 կկալ/սմ2 · ամիս։ Օդի միջին ջերմաստիճանը 0,9-ից (Մեղրի) -13,6°C է (Եռաթմբեր), բացարձակ նվազագույնը՝ -42°C (հաշվարկայինը՝ -46°C, Պաղակն գ.), առավելագույնը՝ 23°C (Մեղրի): Օդի հարաբեր. խոնավությունը 60-86% է: Մթն. տեղումների քանակը 10-80 մմ է: Քամու արագությունը 0,5-8,5 մ/վ է, գերակշռող ուղղությունը՝ հս-արմ. և հվ-արմ.: Հ-ին մթն. բարձր ճնշման դաշտի գերակշռության հետևանքով մեծանում են ջերմաստիճանի շրջադասության հաճախականությունը և սաստկությունը, որի հետևանքով փոխվում է օդի ջերմաստիճանի և ամպամածության բաշխման բնույթը: Նվազում է ամպերի ստորին սահմանի բարձրությունը, աճում է օդի ջերմաստիճանը նախալեռներում, թուլանում է օդի վերընթաց հոսանքների ուժգնությունը, որոնք նպաստում են երկրամերձ շերտի աղտոտվածության աստիճանի մեծացմանը:
Հ. ձմեռային սակավաջուր փուլի երկրորդ ամիսն է, գետերը հիմնականում սնվում են ստորերկրյա ջրերով: Գետերով հոսում է տարեկան հոսքի 3-4 %-ը: Գետերը (բացառությամբ ստորերկրյա սնում ունեցողների) սառցակալում են: Ակտիվ է սղինագոյացումը, բարձրլեռն. շրջաններում գետերն ամբողջովին սառցածածկ են, իսկ միջին բարձրություններում և նախալեռներում գերիշխում է ափամերձ սառցակալումը:
Այն գետերը, որոնց ջրի ջերմաստիճանը հիմնականում կապված է արեգակնային ճառագայթման և օդի ջերմափոխանակության հետ, սերտորեն կապված են տեղանքի բարձրության հետ. ըստ բարձրության՝ յուրաքանչյուր 100 մ-ի վրա նվազում է 0,4°C-ով: Արաքս, Դեբեդ, Աղստև գետերի ստորին հոսանքներում Հ-ին ջրի միջին ջերմաստիճանը 4-5°C է, ստորերկրյա սնմամբ գետերինը՝ անհամեմատ բարձր է: Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանը 2,6°C է, մակերևութային շերտինը (ոչ սառցածածկ տարիներին) ցուրտ ձմեռներին՝ 2°C: Բաձրլեռն. լճերը ծածկվում են 30-120 սմ հաստության սառցի շերտով: Լեռներում 1600 մ-ից բարձր գոյանում է կայուն ձնածածկույթ, հաճախակի են ձնաբքերը, մառախլապատ օրերը:
Աշնանացան ցորենի դաշտերը լեռն․ և նախալեռն․ շրջաններում ծածկված են ձյան շերտով, հս-արլ-ում մինչև 1400-1500 մ բարձրությունները աշնանացանը ձմեռում է առանց ձնածածկի:
Հայաստանում Հ-ի 1-ը Նոր տարվա սկիզբն է՝ Նոր տարին: Հայոց եկեղեցին հունվարի 6-ին նշում է Ս. Ծննդյան և Աստվածահայտնության օրը: Հ-ի 28-ը Հայոց բանակի օրն է:
ՁՄԵՌ, տարվա եղանակ: Հս. կիսագնդում տևում է ձմեռային արևադարձի օրից (դեկտեմբերի 22) մինչև գարնանային գիշերահավասարի օրը (մարտի 21), Հվ. կիսագնդում՝ ամառային արևադարձի օրից (հունիսի 22) մինչև աշնանային գիշերահավասարի օրը (սեպտեմբերի 23): Ձ-ան ամիսներն են՝ դեկտեմբեր, հունվար, փետրվար։ Հվ. կիսագնդում դրանք ամառային ամիսներ են: ՀՀ-ում Ձ-անը ցերեկվա նվազագույն տևողությունը 9 ժ 20 ր է (դեկտեմբերի 22), կեսօրին արեգակի բարձրությունը հորիզոնից՝ 26°30՛: Բնորոշ են բարձր մթն. ճնշումը, բացասական ճառագայթային հաշվեկշիռը, մթն. շրջանառության և անտիցիկլոնների ազդեցության ուժեղացումը, առավել ցածր ջերմաստիճանները, ֆենոլոգ․ յուրահատուկ երևույթները: ՀՀ-ում Ձ. ձևավորվում է արեգակնային էներգիայի ներհոսքի նվազման և արմ. օդային հոսանքների սաստկացման պայմաններում: ՀՀ տարածքի մեծ մասում Ձ. սկսվում է նոյեմբերի վերջերին, դեկտեմբերի սկզբներին, երբ օդի օրական միջին ջերմաստիճանը կայուն կերպով իջնում է 0°C-ից: Ծայր հվ-արլ-ում, հս-արլ. ցածրադիր վայրերում Ձ. անկայուն է. այն սկսվում է դեկտեմբերի վերջին և ավարտվում հունվարի վերջին տասնօրյակում։