ոլորտների. 1. ներքնոլորտ (տրոպոսֆերա). տարածվում է մինչև 8-կմ բարձրությունները (բևեռային շրջաններում՝ 8-9 կմ, բարեխառն լայնություններում՝ 10-11 կմ, հասարակածային լայնություններում՝ 17-18 կմ) և աչքի է ընկնում ըստ բարձրության ջերմաստիճանի զգալի անկումով՝ մոտ 5,5°C 1000 մ-ի վրա: Այստեղ է կուտակված Մ-ի զանգվածի մոտ 80 %-ը և գրեթե ամբողջ ջրային գոլորշին: Այդ շերտում են զարգանում եղանակի բոլոր երևույթները (մթն. ճակատներ, ամպամածություն, տեղումներ և այլն): Ներքնոլորտի ներքին շերտը (հաստ.՝ 700-1500 մ) կոչվում է շփման շերտ, որում տուրբուլենտային տեղաշարժերն զգալի ազդեցություն են գործում քամու ձևավորման վրա: Ներքնոլորտում առանձնացվում է նաև երկրամերձ շերտ (հաստ.՝ 30- 50 մ), որը գտնվում է Երկրի մակերևույթի անմիջական ազդեցության տակ.այդ շերտում են հիմնականում արտահայտվում միկրոկլիմայի առանձնահատկությունները:
2. Վերնոլորտ (ստրատոսֆերա), սահմանազատվում է ներքնոլորտից մոտ 1 կմ հաստությունները անցողիկ շերտով՝ տրոպոպաուզւսյով, տարածվում է մինչև 50-55 կմ բարձրությունները և բնութագրվում է ջերմաստիճանի ըստ բարձրության հաստատուն դանդաղ, իսկ վերին մասում՝ համեմատաբար արագ աճով (հասնում է 270 K-ի՝ 50 կմ բարձր, վրա), որը հետևանք է օդի զգալի նոսրությամբ պայմանավորված փոքր ջերմունակությամբ և ջրային գոլորշիների բացակայության պատճառով առաջացած ճառագայթային ջերմափոխանակության:
Վերնոլորտի միջին (20-25 կմ բարձրությունները) մասում դիտվում է օզոնի զգալի կուտակում, որը կլանում է կենդանի օրգանիզմի համար վնասակար Արեգակի կարճալիք ճառագայթների մեծ մասը:
3. Միջնոլորտ (մեզոսֆերա). 55-80 կմ բարձրության շերտը, ստորին մասում բնութագրվում է ջերմաստիճանի զգալի աճով (մինչև 20-30°C), իսկ վերին մասում՝ զգալի անկումով (մինչև -100°C): Միջնոլորտում ջերմաստիճանի ըստ բարձրության անհավասարաչափ բաշխումը պայմանավորում է օդային զանգվածների տուրբուլենտության զգալի զարգացումը:
4. Ջերմոլորտ (թերմոսֆերա). անվանում են նաև իոնոսֆերա (երբ նկատի են ունենում նրա էլեկտր. հատկությունները), տարածվում է 80-ից մինչև մոտ 800-1000 կմ բարձրությունները և աչքի է ընկնում ջերմաստիճանի՝ ըստ բարձրության անընդհատ աճով (գիշերը՝ մինչև 500 K, ցերեկը՝ 750 K): Գազերի իոնացման առավելագույն չափը նկատվում է 80-120 և 200-400 կմ բարձրության շերտերում, որոնք ունեն կարևոր նշանակություն ռադիոալիքների տարածման շարժընթացում: Իոնոսֆերայում առաջ է գալիս բևեռափայլլը, և դիտվում են մագնիս, դաշտի զգալի տատանումներ (մագնիս, փոթորիկներ):
5. Արտաքին ոլորտ (էկզոսֆերա). թեթև գազերի դեպի տիեզ. տարածություն հոսելու գոտի, գտնվում է 800-1000 կմ բարձրության վրա:
Մ. գտնվում է անընդհատ շարժման մեջ (տես Մթնոլորտի շրջանառություն) և կատարում է ջերմության ու ջրի (գոլորշիների կամ կաթիլների ձևով) միակ փոխադրամիջոցի դեր:
Գտնվելով անցումային գոտում՝ Հայկ. լեռնաշխարհի Մ. ջերմային պայմաններով և կառուցվածքով ձմռանը նման է բարեխառն, իսկ ամռանը՝ արևադարձային գոտու Մ-ին:
Ձմռանը բնորոշ են ցուրտ օդային զանգվածների ներխուժումները, որից ներքնոլորտը մինչև 15 կմ բարձրությունները ցրտում է, իսկ դրանից վեր և ստորին վերնոլորտում դիտվում է տաքացում: Տրոպոպաուզան ամառվա համեմատ ցածրանում է (մինչև 11 կմ) և ավելի տաք է: Ամռանը բնորոշ են տաք օդային զանգվածների ներթափանցումները և Մ-ում վերընթաց հոսանքների ակտիվացումը, որոնք առաջացնում են ներքնոլորտի ստորին շերտերի ջերմաստիճանի ավելացում, տրոպոպաուզայի բարձրացում (մինչև 17 կմ) և ցրտեցում (-66,5°C), բարձր շերտերում՝ քամու արագության մեծացում:
Ներքնոլորտում օդի ջերմաստիճանն ըստ բարձրության իջնում է, վերնոլորտում՝ բարձրանում: Դրանց միջև, մոտ 16 կմ բարձրության վրա, գտնվում է նվազագույն ջերմաստիճանային շերտը: Վերնոլորտում, ջերմաստիճանային անկանոնության շերտից դուրս, ամառն ավելի տաք է, քան ձմեռը:
Տարվա անցումային սեզոններում տիպիկ է մթն. ճակատների ձևավորումը, որոնց վրա ներքնոլորտի ստորին շերտերում ազդում են լեռնագր. պայմանները, վերին շերտերում ստորադիր մակերևույթի ազդեցությունը վերանում է: Տես նաև Ալբեդո, Արևափայլք, Քամի, Մթնոլորտային երևույթներ:
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ, մթնոլորտում տեղի ունեցող երևույթներ, որոնք տեսանելի են անզեն աչքով: ՀՀ պայմաններում նկատվում են անձրև, ձյուն, ձնախառն անձրև, մերկասառույց, կարկուտ, մաղմղուկ, բանջարաբուսիկ, ցող, ճենճառ, եղյամ, մառախուղ, քամի, օպտիկական երևույթներ, մշուշ, փոթորիկ, բուք, պտտահողմ, կայծակ: Մ. ե-ի մի մասի (կարկուտ, քամի, փոթորիկ, պտտահողմ, բուք) սաստկացումը վտանգավոր է մարդու գործունեության համար: Մ. ճ-ի ուսումնասիրությամբ զբաղվում են օդերևութաբան, կայաններում և կետերում. օգտագործվում են արհեստ. արբանյակների դիտարկումների տվյալները, որոնք հնարավորություն են տալիս գրանցել հիմն. Մ.ե., հետևել նրանց զարգացմանը և ժամանակին նախազգուշացնել: Տես նաև ջրաօդերևույթաբանական վտանգավոր երևույթներ:
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՃԱԿԱՏ, անցողիկ շերտ տարբեր հատկանիշներով օդային զանգվածների միջև: Բնորոշվում է ջերմաստիճանի և օդերևութաբան. այլ տարրերի կտրուկ փոփոխություններով: Մ. ճ-ի լայնությունը մի քանի տասնյակ կմ է, հաստությունը՝ մի քանի հարյուր մ: Մ. ճ. աննշան (0,5-3°) թեքված է դեպի Երկրի մակերևույթ, որի ստորին մասում սեպաձև գտնվում է ցուրտ, վերևում՝ տաք օդը: Թեքությունը պայմանավորված է տաք և ցուրտ օդային զանգվածներում Մ. ճ-ի ճնշման գրադիենտի ըստ բարձրության փոփոխության տարբերությամբ և երկրագնդի պտույտի շեղող ուժի (Կորիոլիսի ուժ) ազդեցությամբ: Տաք և ցուրտ օդային զանգվածների որոշակի դասավորության հետևանքով Մ. ճ-ում նկատվում է ինվերսիա կամ իզոթերմիա, երբեմն էլ՝ ըստ բարձրության ջերմաստիճանի թույլ անկում: Մ. ճ. տեսականորեն դիտարկվում է օդային զանգվածների միջև՝ որպես բաժանման մակերևույթ (ճակատային մակերևույթ), իսկ Երկրի մակերևույթի հետ նրա հատման գիծը կոչվում է ճակատային գիծ: Տարբերում են տաք, ցուրտ և օկլյուզային տիպի Մ. ճ-ներ: Տաք են կոչվում այն Մ. ճ-ները,